Լինել կենսուրախ, բայց ոչ ծիծաղելի

Ասում են՝ բովանդակությունն է որոշում ձևը։ Դա ճիշտ է։ Բայց ճիշտ է և հակառակը․ ձևով է պայմանավորվում բովանդակությունը։ Հայտնի ամերիկացի հոգեբան Դ․ Ջեյմսը գրում էր․ «Մենք լալիս ենք, որովհետև տխրում ենք, բայցև տխրում ենք, քանի որ լալիս ենք»։

Ուստի խոսենք մեր պահելաձևի մասին, այն մասին, թե ինչը պետք է մեզ համար դառնա սովորություն, դառնա նաև մեր ներքին «բովանդակությունը»։

Հնում տգեղ էր համարվում մյուսներին ցույց տալը, որ ձեր կյանքում դժբախտություն է պատահել, որ ձեզ համակել է ցավը։ Մարդը չպետք է իր ճնշված հոգվիճակը հաղորդեր ուրիշներին։ Ցավը կրելիս հարկավոր էր պահպանել արժանապատվությունը, բոլորին հավասար վերաբերվել, չներփակվել և, որքան հնարավոր է, մնալ մարդամոտ ու նույնիսկ կենսուրախ։

Արժանապատվությունը պահպանելու կարողությունը, սեփական խնդիրներն ուրիշների վրա չբարդելը, մարդկանց հետ շփվելիս միշտ հավասարակշիռ մնալը, սրտաբաց և ուրախ լինելը․ այս ամենը մեծ ու իսկական արվեստ է, որ օգնում է ապրելու հասարակության մեջ, հենց հասարակությանն է օգնում ապրելու։

Բայց ի՞նչ տեսակ ուրախ մարդ պետք է լինել։ Աղմկոտ ու «կպչուն» զվարճախոսը հոգնեցնում է շրջապատին։ Անդադար «սրամտող» երիտասարդը դադարում է ընկալվելուց որպես արժանապատիվ վարք ունեցող։ Նա դառնում է խեղկատակ։ Իսկ դա վատագույնն է, որ կարող է պատահել մարդուն հասարակության մեջ։ Վերջին հաշվով՝ դա նշանակում է հումորի զգացման բացակայություն։

Մի՛ եղեք ծիծաղելի։ Ծիծաղելի չլինելը ոչ միայն ենթադրում է բարեկիրթ պահելաձև, այլև խելացիության, ողջամտության նշան է։

Ծիծաղելի կարող ես լինել ամեն ինչով, անգամ հագնվելու ոճով։ Երբ տղամարդը փողկապը բծախնդրությամբ «համապատասխանեցնում» է վերնաշապիկին, վերնաշապիկը՝ կոստյումին, նա ծիծաղելի տեսք է ունենում։ Անշուշտ, պետք է պատշաճ հագնվել, բայց պետք է նաև պահպանել ընդունված սահմանները։ Իր հագուկապի վրա դողացող տղամարդը հաճելի չէ։ Կնոջ պարագայում այլ է։ Սակայն տղամարդուն հարկավոր է միայն մաքուր և արդուկված վերնաշապիկ, մաքուր կոշիկներ և ոչ շատ վառ փողկապ․ այսքանը բավական է։ Կոստյումը կարող է և հին լինել, միայն թե կոկիկ։

Ուրիշների հետ խոսելիս կարողացեք լսել, կարողացեք լռել, կատակել, բայց սակավ և տեղին։

Միջավայրումը ըստ հնարավորին փոքր անձնական տարածք զբեղեցրեք։ Ճաշի ժամանակ ձեռքերը մի՛ փռեք սեղանին՝ ճնշելով հարևանությամբ նստածին, բայց միևնույն պահին շատ մի ջանացեք շրջապատի «համն ու հոտը» լինելու։ Ամեն բանում պահպանեք չափը, դիմացինին մի պարտադրեք անգամ ձեր մտերմական զգացումները։

Վատ մի՛ զգացեք ձեր թերություններից, եթե այդպիսիք կան։ Կակազողները, օրինակ, երբեմն հրաշալի հռետոր են լինում՝ մտածելով և հատ-հատ ընտրելով իրենց յուրաքանչյուր բառը։ Մոսկվայի պետական համալսարանի լավագույն պրոֆեսորներից Վ․ Կլյուչևսկին կակազում էր, բայց մեծ համբավ ուներ իր անկրկնելի դասախոսությունների շնորհիվ։

Մի փոքր շլդիկ լինելը կարող է ինքնատիպություն հաղորդել դեմքին, կաղալը՝ շարժումներին։ Բայց եթե դուք ամաչկոտ եք, դրանից էլ մի վախեցեք։ Ամոթխածությունը շատ հրապուրիչ է և բոլորովին ոչ ծիծաղելի։ Այն ծիծաղելի է դառնում, միայն երբ շատ եք ջանում դրանից ազատվելու։

Եղեք պարզ և հանգիստ վերբերվեք ձեր թերություններին։ Ավելի վատ չի լինում, քան երբ մարդու մեջ արմատանում է անլիարժեքության բարդույթը, իսկ դրա հետ նաև բարկությունը, չարակամությունը մյուսների նկատմամբ, նախանձը։ Այդպես մարդը կորցնում է այն, ինչն ամենակարևորն է իր մեջ՝ բարությունը։

Չկա ավելի լավ երաժշտություն, քան լռությունը։ Լռությունը լեռներում, անտառում։ Չկա ավելի լավ «երաժշտություն մարդու մեջ», քան խոնարհությունն ու լռելու ունակությունը։ Եվ հակառակը՝ գոյություն չունի ավելի տհաճ ու հիմար բան, քան մեծամտությունն ու շատախոսությունը։

Զգուշացե՛ք ծիծաղելի լինելուց, ջանացեք լինել համեստ, ոչ շաղակրատ։ Երբեք ոչնչում չափը մի՛ անցեք, հարգանք դրսևորեք նրանց հանդեպ, ովքեր շրջապատում են ձեզ։ 

Ու ևս մի բան, թերևս ամենակարևորը․ եղեք ազնիվ։ Նա, ով փորձում է այլոց խաբել, նախ և առաջ հենց ինքն է խաբվում։ Սուտը միշտ բացահայտում է իրեն, միշտ «զգացվում» է, և դուք ոչ միայն անտանելի եք դառնում, այլև ավելի վատ՝ ծիծաղելի։

Մինչդեռ ազնվությունը գեղեցիկ է, անգամ երբ մեկին խոստովանում եք, որ նրան սխալմամբ խաբել եք ու բացատրում, թե ինչպես է դա պատահել։ Այդպես կշտկեք իրավիճակը։ Ձեզ կսկսեն հարգել, և դուք ցույց կտաք, որ խելացի եք։

Պարզությունն ու «լռությունը» մարդու ներսում, ազնվությունը, պահանջների բացակայությունը ուրիշների նկատմամբ․ ահա թե ինչն է ամենագրավիչը անձի «ձևի» մեջ, որը և դառնում է նրա նրբին «բովանդակությունը»։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»
Ռուսերենից թարգմանեց Ն․ Աբասյանը

Հավանեցի՞ր. տարածիր