Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովենն աշխարհահռչակ կոմպոզիտոր է: Վստահ եմ, որ եթե լսես նրա «Էլիզե», «Լուսնի սոնատ», «Արջամուկ» ստեղծագործությունները, դրանք քեզ անպայման դուր կգան:

Գիտե՞ս, Բեթհովենի կյանքին առնչվող մի արտառոց բան կա. նա երիտասարդ տարիքում աստիճանաբար կորցրել է լսողությունն ու տարիների ընթացքում լրիվ խլացել: Եվ մի շարք հրաշալի ստեղծագործություններ գրել է հենց խլացած վիճակում:

Դժվար է պատկերացնել, թե մարդ ինչպես կարող է ստեղծել հրաշալի երաժշտություն, երբ ոչինչ չի լսում: Իր գրած երաժշտությունն ինքը լսել չէր կարողանում և շատ տառապում էր դրանից, քանի որ մինչև ունկնդրին ներկայացնելը չգիտեր` լա՞վ երաժշտություն է ստեղծել, թե՞ վատ:

Այն, ինչ կպատմեմ քեզ, տեղի է ունեցել Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայի» համերգի ավարտին, երբ կոմպոզիտորը ոչինչ չէր լսում, բայց որպես դիրիժոր՝ ղեկավարում էր համերգը:

Խուլ մաեստրոն վաղուց արդեն հաշտվել էր այն բանի հետ, որ ոչինչ չի լսում: Բայց հիմա կասկածները տանջում էին նրան: Ի՞նչ կլինի, երբ հնչի վերջին նոտան: Հավանությո՞ւն, թե՞ ծաղր: Սուլոցնե՞ր: Ոտքերի վրդովված դոփյո՞ւն: Իսկ գուցե դահլիճը կլռի՞ իրեն կարեկցելուց շփոթված ու մոլորված:

Սիմֆոնիան վերջանում է: Երաժիշտները վայր են դրել իրենց գործիքները: Այժմ խոսքը ունկնդիրներինն է:

Բեթհովենը շարունակում էր մեջքով դեպի դահլիճը կանգնած մնալ: Նա` այնքա՜ն փորձություններ անցածը, հիմա քաջություն չուներ իր ունկնդիրներին նայելու: Անվստահ` նա դեռ կանգնած էր մեջքով դեպի դահլիճը: Իսկ այնտեղ ի՞նչ է կատարվում: Ծափահարությո՞ւն է, թե՞ զայրույթ: Գուցե ծիծաղի պայթյուննե՞ր են: Վերջապես նրան մոտեցավ մի երգչուհի: Նա ձեռքը դրեց մաեստոյի ուսին և շրջեց դեպի դահլիճը:

Այն, ինչ տեսավ, ցնցեց նրան: Հարյուրավոր հրճվագին դեմքեր, իրեն ողջունող անթիվ-անհամար ձեռքեր, բուռն ծափեր:

Ոչ, նա չէր լսում, թե ինչպես էր թնդում դահլիճը: Բայց նա տեսնում էր հիացմունքից շողացող դեմքերը: Առաջին շարքերից մարդիկ նետվում էին դեպի բեմ և ուզում էին սեղմել նրա ձեռքը:

Բեթհովենը խոնարհեց գլուխը: Եվ նրա ձեռքի ծաղիկները նույնպես խոնարհվեցին:

Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքից

Հավանեցի՞ր. տարածիր