Լողը

Լողն աշխարհի հնագույն և ամենաօգտակար մարզաձևերից է։

Լողը նպաստում է օրգանիզմի ճարպազատմանը, մկանների զարգացմանն ու դիմադրողականության բարձրացմանը: Այն նաև ազատում է սթրեսից, պարգևում թեթևության և հանգստության զգացում։ Ջրային շատ վարժություններ նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, կարգավորում արյան շրջանառությունը: Լողը բարելավում է նաև շնչառական համակարգի աշխատանքը։

Լողալու հմտությունը Հայաստանում միշտ է գնահատվել, սակայն նրան մանկավարժական դեր է հատկացվել միայն 19-րդ դարի առաջին կեսից՝ Խաչատուր Աբովյանի ջանքերով։ Նա առաջինն էր, որ փորձեց այս մարզաձևը ներմուծել դպրոցներ որպես ֆիզիկական դաստիարակության միջոց, սակայն նախաձեռնությունը լայն արձագանք չունեցավ։

20-րդ դարի սկզբում հայ մամուլում տպագրվեցին հոդվածներ լողի առողջապահական նշանակության մասին, և քիչ առ քիչ սկսեցին լողավազաններ կառուցվել։ Շուտով կազմակերպվեցին նաև հատուկ պարապմունքներ, որոնք վարում էին Մոսկվայից հրավիրված փորձառու մարզիչները։ 1930-ականներին մարզական լողով զբաղվողների թիվը հասնում էր մոտ երկու հարյուրի:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ակնառու դարձավ լողի նաև ռազմական մեծ դերը։ Լողորդներն իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդրեցին պատերազմում, և հազարավոր մարտիկներ նրանց ղեկավարությամբ ջրային արգելքներ էին հաղթահարում, ինչը մեծ օգնություն էր պաշտպանության առումով։

Հայաստանում մարզական լողի զարգացման և բարձրակարգ մարզիկների պատրաստման գործում մեծ ներդրում են ունեցել Անատոլի Սոկրյուկովը, Իգոր Նովիկովը, Կոնստանտին Զարգարյանը, Վանիկ Փիլոյանը, Միսակ Գաբրիելյանը, Սուրեն Սաղաթելյանը և ուրիշներ։ Այժմ նրանց գործը շարունակում են նոր մարզիչներ։

Հավանեցի՞ր. տարածիր