Խնդրառություն

Խնդրառությունը բառերի կապակցման այն եղանակն է, որի դեպքում գերադաս բառի պահանջով լրացումը դրվում է որոշակի հոլովով կամ կապով ու նրա խնդրով։ Օրինակ՝ խոսել բայը պահանջում է բացառական հոլովով կամ մասին կապով ու սեռական հոլովով ձևավորված լրացում՝ խոսել այսինչից // այսինչի մասին։ Կամ՝ մոտենալ բայը պահանջում է տրական հոլովով դրված լրացում՝ մոտենալ տանը // քաղաքին // ճանապարհին։
Հաճախ, երբ բայի լրացումը նույնպես բայ է լինում (դերբայ), պատահում են կապակցական սխալներ։ Որոշ բայերի դեպքում դժվարանում ենք կողմնորոշվել՝ այդ լրացումը ո՞ր հոլովով է դրվում։ Օրինակ՝ մեր ականջին սովորական է հնչում «հրաժարվել խոսել» կապակցությունը, մինչդեռ եթե խոսել բայը փոխարինենք խոսք գոյականով, կտեսնենք, որ ունենում ենք «հրաժարվել խոսքից» կապակցությունը, ուրեմն՝ դերբայի դեպքում էլ ճիշտ տարբերակն է՝ «հրաժարվել խոսելուց»։ Սակայն ընդարձակ կապակցությունների դեպքում հոլովված ձևերը երբեմն կարող են ընկրկել, և ստորոգյալը ստանա ուղղական հոլովով լրացում, օրինակ՝ «Նա ամաչում է խոսելուց», բայց՝ «Նա ամաչում է խոսել այդքան մեծ լսարանի առաջ»։
Ներկայացնում ենք ճիշտ հոլովառության որոշ օրինակներ․

ամաչել – խոսելուց // խոսել
աշխատել – գալ
առաջարկել – հանդիպել
առնչվել – խնդրին
արգելել – մոտենալ
արտոնել – մասնակցել
բավարարել – պահանջները // պահանջներին
գրոհել – դիրքերի վրա // դիրքերը
դադարել – խոսել // խոսելուց
դավաճանել – հայրենիքին
դավանել – սկզբունք
դասել – շարքը // շարքին // շարքում
զգուշանալ – վազելուց // վազել
թույլատրել – գրել
ի սպաս դնել – գործին
խանգարել – աշխատանքը // աշխատանքին
խթանել – զարգացումը
խոչընդոտել – ընթացքը // գործին
խուսափել – հանդիպելուց // հանդիպել
ծառայեցնել – նպատակին
կախել – պատին // պատից
կառչել – աթոռին //աթոռից
կարիք կա – խոսելու
կպչել – ծառին // ծառից
հակադրվել – գործընկերոջը
հաղթել – խաղում // պատերազմում
համաձայնել – խոսելու, կարծիքին
հարցնել – մեկին // մեկից մի բան
հնարավորություն ունենալ – տեղեկանալու // տեղեկանալ
հոգ տանել – որևէ մեկի մասին
հրաժարվել – զեկուցելուց
մտադրություն ունի հեռանալու
ձգտել – հասնելու
ներողություն խնդրել – ուսուցչից
շնորհակալ լինել – ընկերներին
շնորհակալություն հայտնել – հորը
ողջունել – առաջարկը
պատրաստվել – գնալու
պարտավորեցնել – վճարել
ստիպել – հեռանալ
վնասել – ոտքը // հեղինակությանը
տենչալ – ազատություն // ազատության

Կազմեց Ն․ Աբասյանը

Հավանեցի՞ր. տարածիր