Խոսրովի անտառ

Ամառ է, ամենուրեք իշխում է աչք շոյող թավ կանաչը: Ժամանակն է նորից ճամփորդելու դեպի մեր երկրի գեղատեսիլ վայրերից մեկը:

Մեր ճամփորդության համար հետդ վերցրու ուսապարկ` անհրաժեշտ իրերով, կողմնացույց, լուսանկարչական սարք… Պատրա՞ստ ես: Ուրեմն` առաջ…

Պատմում են, որ հայ թագավորներից մեկը` Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորը, շատ էր սիրում որս անել: Նա այդ նպատակով աճեցրել էր մի գեղեցիկ անտառ, որը հենց նրա անունով էլ կոչվել է Խոսրովի անտառ: Անտառը տարվա բոլոր եղանակներին լի էր կենդանիներով ու թռչուններով, ծառերը սոսափում էին, աղբյուրների ու առվակների ջրերը հոսում էին գլգլալով… Այդպիսին էր անտառը չորրորդ դարում:

Հետո անտառը ծերացավ: Եվ մեր օրերում մարդիկ որոշեցին նոր կյանք տալ այն անտառին, որի մասին այնպիսի՜ հիացմունքով էին պատմում հին գրքերում… Հազարավոր ծառեր ու թփեր տնկվեցին, լճակներն ու ջրամբարները լցվեցին: Նորից քչքչացին առվակները, կարկաչեցին աղբյուրները, նորից կանաչով շնչեց անտառը, ու… վերադարձան թռչուններն ու կենդանիները:

Խոսրովի անտառը փռված է Արարատյան դաշտից դեպի Գեղամա լեռները տանող բարձունքի վրա (1600-ից մինչև 2300 մետր):

Այսօր Խոսրովի անտառը արգելոց է, այսինքն` այստեղ արգելվում է որս անել, որ պահպանվեն անտառում ապրող կենդանիների ու բույսերի արժեքավոր և հազվադեպ տեսակները: Այն մի հեքիաթային հանգստավայր է, որտեղ կան բնության գողտրիկ անկյուններ, պատմական անկրկնելի հուշարձաններ` Գեղարդավանքը, Կաքավաբերդը…

Հավանեցի՞ր. տարածիր