Կայանբերդը գտնվում է Լոռու մարզում՝ Հաղպատ և Սանահին գյուղերի միջև: Նրա պատմական անունն է Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի: Իր միաբանների պաշտպանության համար՝ այն կառուցել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդին՝ 1233 թվականին։ Ամրոցն իր բարձր դիրքից հսկել է ամբողջ ձորի երկայնքը՝ շրջակա բոլոր սրբավայրերով:
Բերդը հայտնի է նաև Դսեվանք (Դրսեվանք) և Ակնաբերդ անուններով: Ամրոցում պահպանվել են բազմաթիվ շենքերի հետքեր, ջրատար կավե խողովակներ։ Իսկ Կայանաբեևդի Սբ.Աստվածածին եկեղեցին՝ խոնարհ գմբեթավոր աղոթատունը, հակառակ, թշնամիների հարձակումներին, կանգուն է մինչ օրս:
Ամրոց տանող ճանապարը Ջաղացաձորում անցնում է Շերեք գետի միաթռիչք կամարակապ կամրջով՝ կառուցված դարձյալ 13-րդ դարում: Կայանբերդն ունի մոտ 120 մետր երկարություն, սակայն առավելագույն լայնությունը 20 մետր է: Ամրոցը բաղկացած է երկու հատվածից: Հիմնականը հարավայինն է` տեղակայված ավելի բարձր: Ունի առանձին պարիսպ, որի սրահավոր թաղակապ դարպասն այժմ ավերված է: Հյուսիսային մասը գտնվում է անմիջապես Դեբեդի կիրճի եզրին: Արևմտյան կողմից այն ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների հետքեր, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ` թրծված կավե խողովակներով: