Գեղեցիկ, փափլիկ ու ճկուն մկաններով այս կենդանիները ընտելացվել են շուրջ 5 հազար տարի առաջ: Թեպետ կատվի դեպքում դժվար է «ընտանի» բառը գործածելը: Այս կենդանին, ի տարբերություն, օրինակ, շան՝ չափազանց կամակոր է և պահպանել է բազում վայրի սովորություններ: Իսկ որոշակի շրջան առանց խնամքի մնալով՝ ընտանի կատուն կրկին դառնում է լիովին վայրի:
Առաջին անգամ, երբ մարդը որոշեց «տուն բերել» այս կենդանուն, նա ընտրեց լիբիական կատվին: Այսօր արդեն հայտնի է մոտ 80 ցեղ, որոնցից են երկարամազ պարսկական կատուն՝ մեծ կլորավուն գլխով և վեր ցցված քթով, թագավորական կատուն՝ երկար նուրբ կազմվածքով և ալիքաձև մորթով, սիբիրյան կատուն՝ խոշոր ու փափկամազ, անգորականը՝ նուրբ ու փարթամ մազածածկով, հարդավարդագույն երանգով սիամական կատուն՝ մուգ բծերով ու երկնագույն աչքերով: Իսկ Ման կղզում ապրում է տեղի անպոչ կատուն:
Բոլոր ընտանի կատուները, իրենց հսկա վայրի ցեղակիցների նման, որսի են ելնում մթնշաղին կամ գիշերով: Սակայն կատուները բնականաբար սնվում են միայն մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով, ձկներով, միջատներով:
Ընտանի կատուները մաքրասեր են. նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է տանը դնել չոր ավազով կամ թեփով լցված արկղ, որի պարունակությունը հաճախակի պետք է փոխել: Այդ «բնում» էլ կատուն ծնում է մինչև յոթ ձագ, որոնց աչքերը բացվում են 7–10 օրականում:
Ընտանի կատուները հիմնականում ունենում են 2, բայց առավելագույնը 4 սերունդ:
Պետք է գիտենալ, որ կատուները հիվանդանում են վարակիչ հիվանդություններով, որոնցից մարդու համար վտանգավոր են կատաղությունը, քոսը, խուզող որքինը, գոնջը: Ուստի կատուներին խնամելիս հարկավոր է խստորեն հետևել սանիտարահիգիենային կանոններին: Օրինակ՝ կատվի հետ նույն անկողնում քնել չի կարելի:
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են հայոց Վանա կատուները, որոնք տարածված են համանուն լճի շրջակայքում:
Նրանք սպիտակ են, մետաքսանման և փափուկ մազերով: Ունեն ձիգ մարմին, շատ խելացի են, ջրից չեն վախեենում: Նրանց պոչը նման է աղվեսի պոչին, իսկ աչքերը տարբեր գույների են: ճարպիկ, մաքրասեր, և հակառակ մյուս ցեղակիցներին՝ տիրոջը նվիրված են այնպես, ասես շուն լինեն: Վանա կատուներն ուտում են նաև սեխ, ձմերուկ և այլ մրգեր: Նրանք առջևի թաթով ստուգում են նաև կերակրի ջերմաստիճանը:
Հայաստանում Վանա կատվի բուծումը վերասկսվել է 1993 թվականից: