Կիլիկյան Հայաստանի մշակույթը

Փոքր Ասիայի հարավ-արևելքում իր գոյատևման երեք դարերում (1080–1375 թթ) Կիլիկիայի հայկական պետությունը ոչ միայն իր քաղաքական հետքն է թողել պատմության մեջ, այլև հոգևոր-մշակութային։

Հատկապես 12-14-րդ դարերում Կիլիկիայի հայկական պետությունում նորովի դրսևորվեցին հայ  գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան նոր ժանրեր։ Այդ առումով բացառիկ են Ներսես Շնորհալու ստեղծագործությունը, Բարսեղ Քեսունեցու՝ Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված երկը, որը վարքի, աղոթքի, խոստովանության և քարոզի մի ինքնատիպ հյուսվածք է: Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին, Գևորգ Սկևռացին, որ գրել է ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր, պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին և ուրիշներ:

Կիլիկայում զարգանում էին նաև հայկական մանրանկարչությունը, որմնանկարչությունն ու քանդակագործությունը, իսկ կիրառական արվեստներից՝ ոսկերչությունն և արծաթագործությունը: Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչներ են մեծանուն Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը: Վերջինս ձեռագրեր է նկարազարդել նաև Հայոց Կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:

Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը շարունակել է հայոց շինարարական ավանդույթները: Երկրի բնաշխարհը,  աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:

Կիլիկիայում զարգացում Է ապրել նաև բժշկագիտությունը: Այնտեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը և ուրիշներ:

Կիլիկիայի մշակույթը զարգացել է մայր Հայաստանի հետ սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա:

Հավանեցի՞ր. տարածիր