Կոլիզեումը աշխարհում ամենամեծ ամֆիթատրոնն է: Գտնվում է Հռոմում: Կառուցել են մոտ 2000 տարի առաջ՝ 8 տարվա ընթացքում: Կոլիզեումում 50 հազար հանդիսատես կարող էր տեղավորվել:
Կոլիզեումը միշտ եղել է Հռոմի սիրտը և հռոմեացիների հպարտությունը: Այստեղ գլադիատորական մարտեր, խաղեր ու ներկայացումներ էին տեղի ունենում: Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեական կայսրն արգելեց գլադիատորական խաղերը: Հետո դժվար ժամանակներ սկսվեցին: Պատերազմներից ու հարձակումներից շատ վնասվեց շինությունը: Ավելի ուշ ամեն ինչ խաղաղվեց, բայց Կոլիզեումը սկսեց ավերվել. մարդիկ կրում-տանում էին ոչ միայն պոկված քարերը, այլև իրենք էին քանդում պատերն ու այլ շինությունների համար օգտագործում: Այդպես Կոլիզեումի զգալի մասը ավիրվեց:
Այսօր արենայի մեծ մասը քանդված է: Երևում է նկուղային տարածքը: Այստեղից էին ներկայացման ժամանակ մարդկանց, կենդանիներին կամ դեկորներ հանում արենա: Իսկ եթե ներկայացման մեջ նավ էր հարկավոր, նկուղը լցնում էին ջրով:
Տպավորիչ է, չէ՞: Հապա փորձի՛ր փակել աչքերդ ու մի պահ պատկերացնել այն ամենը, ինչի մասին պատմեցի քեզ: Այս խիստ ու վիթխարի ավերակները կենդանացրո՛ւ հանդիսատեսով, դերասաններով ու երաժշտությամբ և անպայման կզգաս նրա` հազարամյա Կոլիզեումի երբեմնի փառքը: