Կրիաներ

Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք կրիաների մասին։ Եկեք ստուգենք Հայկական հանրագիտարանի օգնությամբ։

Որոշ կրիաներ ապրում են բացառապես ցամաքում: Շատերն էլ երկկենցաղ են․ միանգամային «իրենք իրենց ափսեում» են զգում նաև քաղցրահամ ջրերում։ Բնականաբար՝ ջրում այս կենդանիներն անհամեմատ ավելի արագաշարժ են ու ճարպիկ:

Հայտնի է կիրակների 307 տեսակ։ Կան շատ փոքրիկ կրիաներ, որոնց մարմնի երկարությունը 7,5 սմ է, զանգվածը՝ ընդամենը 50 գրամ, կան նաև հսկաներ՝ 254 սմ երկարությամբ և մինչև 400 կգ քաշով:

Կրիաներ չեն հանդիպում մայրցամաքներից միայն Անտարկտիդայում:

Կրիաների կրծքավանդակի, որովայնի ու կոնքի ողերը միաձուլված են, և կազմում են նրա ոսկրային զրահը՝ երկու վահանիկներով՝ թիկունքում և փորի տակ: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովայիններինը՝ շրջահոսուն:

Կրիաներն ատամներ չունեն և սնունդը կտրում են ծնոտի եղջրային շապիկով՝ թիթեղիկներով: Պարանոցը մկանուտ է, երկար, գլուխը՝ շարժուն: Իրանային մկանները թույլ են զարգացած, իսկ պարանոցի, վերջույթների և պոչի մկանները հզոր են: Լավ է զարգացած տեսողությունը, բայց լսողությունը թույլ է:

Կրիաները հիմնականում բուսակեր են. ծովային տեսակները սնվում են ջրիմուռներով և մանր կենդանիներով: Սակայն քաղցրահամ ջրերում ապրողները գիշատիչ են. սնվում են մանր փափկամարմիններով, ձկներով, երկկենցաղներով, երբեմն՝ բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել:

Այս կենդանիները ջերմասեր են: Ցուրտ եղանակներին նրանք ընկնում են թմրության մեջ և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել:

Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում. դնում են 2-ից մինչև 400 ձու: Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն անմիջապես սկսում են ինքնուրույն կյանք վարել: Սկզբնական շրջանում նրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է, բայց հետաքրքիր է, որ այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում, իսկ այն կարող է ձգվել մինչև 300 տարի:

Կրիաներին հաճախ պահում են տեռարիումներում: Նրանց խնամելը դժվար չէ, սակայն հարկավոր է որոշակի ջերմաստիճան և համապատասխան սնունդ:

Որոշ տեսակներ արդյունագործական նշանակություն ունեն, որոշները վնաս են հասցնում ձկնաբուծությանը:

Բիսսեր տեսակի կրիաները ներկայումս, ցավոք, հանդիպում են շատ հազվադեպ. նրանց անխնա ոչնչացնում են՝ զրահից պատրաստելով թանկարժեք զարդեր։ Ուստի այժմ շատ երկրներում այդ կրիաների որսն արգելված է:

Մեր երկրում հանդիպում է կրիայի երեք տեսակ՝ միջերկրածովյանը, կասպիականը և ճահճայինը:

Հավանեցի՞ր. տարածիր