Այս հուշարձանը կառուցել է Արտեմիսիա թագուհին (նրան չշփոթե՜ս Արտեմիս կուռքի հետ): Կառուցել է ի պատիվ իր ամուսնու՝ Մավսոլոս արքայի: Պետք է ասել, որ այդ Մավսոլոսն այնքան էլ լավ մարդ չէր, որ նրա պատվին հուշարձան կառուցեին: Նա չար ու դաժան թագավոր էր, ծանր հարկեր էր դրել իր երկրի բնակիչների վրա:
Հարկ է կոչվում այն դրամը, որ երկրի բնակիչները վճարում են իրենց պետությանը: Աշխարհի բոլոր երկրներում էլ հարկեր կան: Որոշ երկրներում դրանք չնչին են, իսկ որոշներում՝ հսկայական, այնպես որ հարկերը վճարելուց հետո մարդկանց ձեռքին գումար համարյա չի մնում:
Այդպիսի երկիր էր նաև Կարիան, որտեղ թագավորում էին Մավսոլոսն ու Արտեմիսիան: Կարիայում հարկ էին հավաքում նույնիսկ մազերի համար. բոլորը, ում գլխին մազ էր աճում, պետք է հարկ վճարեին: Միայն ճաղատները չէին վճարում, պատկերացնո՞ւմ ես:
Բայց Արտեմիսիան հավանաբար շատ էր սիրում իր ամուսնուն: Երևի դրա համար էլ կառուցեց այդ հուշարձանը: Թեև, ով գիտի: Դա այնքա՜ն վաղուց էր, որ ոչ ոք չի կարող հաստատ ասել: Արտեմիսիան կարգադրեց կառուցել այնպիսի մի հուշարձան, որը աշխարհին հավերժ կհիշեցներ իր ամուսնու հարստության ու հզորության մասին: Կարիայի մայրաքաղաք Հալիկառնասում էլ կառուցվեց դամբարանը: Դամբարանը կանգուն մնաց 1800 տարի: Այն իսկապես շքեղ էր: Վրան բազմաթիվ քանդակներ կային, իսկ տանիքին քառանժույգ մարտակառք էր, որը վարում էին մարմարյա Մավսոլոսն ու Արտեմիսիան: