Հալիձորի փառապանծ ճակատամարտը

Մեր պատմության մեջ քիչ չեն եղել փառավոր ճակատամարտերը, երբ հայոց զորքը փայլել է իր պանծալի հաղթանակներով, որոնք հաճախ տարել է թվաքանակով մի քանի անգամ գերակշռող թշնամական բանակների դեմ:

Սակայն կա մի ճակատամարտ, որն ավելի մեղմ, քան աստվածային, չես անվանի: Հնարավո՞ր է պատկերացնել, որ մի քանի հարյուր մարտիկ կոտորում է շուրջ տասը հազարից ավելի զինվորի: Գեղարվեստական պատմության է նման, բայց արի ու տես, որ խոսքը միանգամայն իրական ճակատամարտի մասին է:
Այն տեղի է ունեցել 1727 թ.: Օսմանյան զորքերը փոքրաթիվ հայկական ուժերին պաշարել էին Հալիձորի ամրոցում: Մխիթար Սպարապետն ու Տեր Ավետիսը, դիմելով նրանց, ասում են. «Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևեցե՛ք մեզ. եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Եվ Սյունիքի հայ ազատագրական շարժման քաջ մարտիկներ՝ ընդամենը 300 հոգի, Դավիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի, Տեր Ավետիսի և Մելիք Բարխուդարի գլխավորությամբ՝ կայծակնաբար դուրս են սուրում ամրոցից և ահ ու սարսափ սփռում հակառակորդի զորքում: Նրանց հարձակման թափը, ահեղ աղմուկը, անկասելի ու վճռական հարվածները խելագարության են հասցնում թշնամուն, և նա ստիպված փախուստի է դիմում՝ տալով խայտառակ թվով՝ 13 հազար զոհ:

Ահա իսկական հրաշք, որ ոսկե տառերով արձանագրված է հայոց պատմության էջերում:

Հավանեցի՞ր. տարածիր