Հաղթանակի գինը

Էլեն Մուշեղյան

Երևանի 191 հիմնական դպրոց

9-րդ դասարան

Մենք կյանքում ամեն ինչի համար վճարում ենք․ այստեղ ամեն ինչ ունի իր գինը։ Կյանքը նման է խանութի․ վճարի՛ր այն ամենի համար ինչ վերցնում ես, բայց կյանքում չկան ցածր գներ, չկան զեղչեր։ Ինչ որ բան վերցնելիս վճարում ենք կրկնակին, և կյանքը ցույց է տալիս մեր կորցրածի արժեքը, որը չէինք գնահատում ժամանակին։

Հաղթանակի գինը վճարելիս ամենադժվարը այն է, որ չենք վճարում մեկ անգամ, այլ մի քանի, որպեսզի կարողանանք պահել այն, ինչ գնեցինք ժամանակին։ Ու երբեմն կանգնում ենք այնպիսի բարդ ընտրության առջև, երբ թվում է, թե այևս ելք չկա։ Վերջերս էլ անցյալում արդեն վճարված հաղթանակի համար մեզնից նոր գին պահանջեցին․․․

Բոլորը խոստանում են հիշել հաղթանակի գնի ծանր բեռը իրենց վրա առած նվիրյալներին։ Բայց, միևնույն է, որդեկորույս մայրը միշտ միայնակ է մնում, դռան մոտ նստած՝ սպասելով թակոցին, թե ինչ-որ մեկը կայցելի և իր ցավը կկիսի։ Բայց դռնից ներս և դուրս միշտ դատարկություն է առանց իր որդու, միայն իր սիրտն է, որ լի է որդու հիշողություններով։

Բոլորս խոստանում ենք արժանի ապրել նրանց, բայց ամեն առավոտ արթնանալիս, մտածում ենք, թե ինչպես ցավեցնենք դիմացինին։ Որոշում կայացնելիս առաջինը մտածում ենք՝ թեկուզ թող անարդար լինի, բայց մեզ հարմար լինի։

Հաղթանակի ծանր գինը վճարել ոչ ոք չի ուզում, բայց բոլորը հաղթանակ են կամենում, ոչ ոք չի ուզում գործել հայրենիքի համար, բայց լավ հայրենիք են ուզում։ Ոչ ոք աշխատել չի ուզում, բայց ապահով կյանք է տենչում։ Սրանք են այն անկուշտ ցանկությունները, որ դեպի պարտություն են տանում։

Պարտվում են նրանք, ովքեր այսպես ապրում են, իսկ նրանք, ովքեր վերևում են, արդեն հաղթել են մահվանը։

Ժամանակին արքան ինքն էր իր զինվորների հետ միասին պայքար մղում, իսկ հիմա փոխվել են կանոնները և ժամանակները․ զոհվում նվիրյալները, «հաղթում» են արքաները։

Ինչու-ները շատ են, ժամանակը՝ քիչ․ խոսել բոլորս էլ կարող ենք, բայց գործել է պետք։ Պարտության էջերից պետք է դաս քաղել։ Սխալն այն է, որ թույլ ենք տալիս արդեն կատարած նույն սխալները, բայց հակառակը պիտի անենք․ անցյալից դասեր քաղելով՝ ճիշտ շարժվենք առաջ։ Անցյալի հերոսներին պիտի՛ ճանաչենք, բայց նոր հերոս ոգիներ կերտենք։

Եվ երբ մեզ հայրենասեր կանվանենք, պետք է հարցնենք․ «Ի՞նչ եմ արե՞լ հայրենիքի համար»։ Մեզ պետք չեն գոռացող հայրենասերներ, մեզ պետք են գործող հայրենասերներ։

Իսկ նրանք, ովքեր մեղադրում բոլորին՝ բացի իրենցից, պիտի հասկանան, որ նրանք նույնիսկ իրենց վաղվա օրվա և հացի համար չպայքարեցին, իսկ այն երիտասարդ նահատակները ամբողջ ժողովրդի և հայրենիքի համար պայքարեցին իրենց կյանքի գնով։

Մեր պապերը մեզ անվերջ պայքար ու սուրբ հայրենիք են կտակել, և ուրանալ դա նշանակում է ուրանալ սեփական ես-ին։

Հավանեցի՞ր. տարածիր