Քրիստին Գըլզի
Չարենցավանի համար 6 հիմնական դպրոց
8-րդ դասարան
Որքան ճիշտ են այն խոսքերը, որ մարդը կորցնելուց հետո է գնահատում ունեցածը, կորցնելուց հետո է հասկանում նրա կարևորությունը։ Ամեն անգամ ինքներս մեզ խոստանում ենք, բայց կրկնում ենք նույն սխալը. պարզապես մեր շրջապատում մարդիկ այնքան են զբաղված առօրյա հոգսերով ու խնդիրներով, որ ժամանակ չունեն նկատելու այն երջանկությունը, որը մանրունքների ու կարճ տևող պահերի մեջ է:
Հիմա, ցավոք, երկրումս միայն մի թեմա կա, միայն մի թեմայի շուրջ են խոսում՝ պատերազմ, պարտություն, հաղթանակի հնարավորություն… Մի տեսակ կորել ենք այս բառերի արձագանքների մեջ։ Բոլորիս աչքերի արցունքը միայն մի պատճառ ունի: Երբեմն հայացքդ սառչում է մի կետի և ասես անէանում ես, երևի ասելու բան չկա կամ նախնտրում ենք լռել, փորձում ենք ծիծաղել, որ չխելագարվենք կամ էլ արդեն խելահարվել ենք, դրա համար ենք ծիծաղում… Մեկս մյուսին հյուս ենք տալիս՝ ասելով, որ լավ է լինելու։ Եվ լավ կլինի, չէ՞ որ բարությունը առաքինություն է, որը պետք է փրկի աշխարհը նենգությունից։ Ում սիրտը բարով է լցված, նա երջանկանում է ամեն մի փոքրիկ հաջողությանբ` թե՛ իր, թե՛ ընկերոջ: Յուրաքանչյուր ակնթարթ փոխում է մեր ներսն ու դուրսը։ Ինչ-որ պահի չենք ուզում լսել նույն երգը, չենք ուզում հագնել նույն զգեստը, դիտել նույն ֆիլմը, և մեզ դադարում են հետաքրքիր թվալ այն պահերը, որոնք հաճելի էին։ Երբեմն կարող է լինել այնպես, որ հանուն դիմացինիդ լավ զգալու՝ ստիպված լինես քեզ վատ զգալ, կամ որպեսզի դիմացինդ հարմարավետ լինի, դու պետք է քեզ անհարմարություն պատճառես։ Դու պետք է կարողանաս մարդկանց տալ՝ պոկելով դա քեզանից, և հավատացե՛ք․ երբ այդ սովորությունը ձեռք բերեք, կհասկանաք, որ տալով ավելի շատ եք ստանում, և որ մարդկանց ներելով ու հասկանալով՝ դուք ավելի երջանիկ եք դառնում։
Այո՛, կան մարդիկ, ովքեր սիրում են դրսից ազդել քո ներաշխարհի վրա։ Շատերը սպասում են, թե երբ ես հաղթահարելու դժվարություններդ ու հասնելու հաջողության, որպեսզի կրկին հարվածեն, սկսեն փնովել, ու կոտրելով երազանքներդ՝ ցույց տալ, թե կյանքն անարդար է, և դա չի փոխվում, թե նախանձները երջանիկներից շատ են, որովհետև երջանիկ մարդկանց ուրիշների կյանքը հետաքրքիր չէ, իսկ նախանձ մարդկանց նպատակը մեկն է՝ խլել ուրիշի երջանկությունը, փշրել երազանքները… Այո՛, մարդիկ այդպիսին են. Կարողանում են ազդել քո ներքինի վրա՝ վնասելով հոգուդ նուրբ թևերը։ Մարդիկ սիրում են կոտրել այն նրան, ով ի վերջո համարձակություն է հավաքել թռչելու և ուրախանում է, որ մի նոր դուռ է բացվել իրենց առջև, իսկ հետո այդ դուռը այնքան ուժգին են փակում դեմքիդ, որ ամեն ինչ հիմքից դղրդում է, և պարզ չէ՝ որքան կկարողանաս դիմանալ ու չփլվել։ Ստիպված ես դառնում ներկայացնել քեզ հասարակությանը որպես ուրիշ մարդ, չես համարձակվում ներկայանալ այն, ինչ իրականում կաս, որովհետև գիտակցում ես՝ ոչ ոք քեզ չի հասկանա․ նորից մնալու ես ինքդ քեզ հետ միայնակ։ Միգուցե խնդիրն այն է, որ դու չափից շատ դյուրահավատ ես, տարօրինակ ու չափից դուրս խենթ, բայց ինչպես ուզում է, մարդը թող ներկայանա, միևնույն է, յուրաքանչյուրն իր սրտի խորքում ուզում է լինել սիրված, ունենալ մեկին, ով ոչ մի պարագայում մենակ չի թողնի իրեն։ Բոլորն ուզում են, որ իրենց հասկանան այնպես, ինչպես իրենք կան՝ իրենց խոսքով, գործով և վերջապես՝ երազանքներով: Երբեմն մարդիկ չարանում են հենց սիրո պակասից։ Բայց եթե դու ուժեղ ես, ուրեմն կդիմանաս ամեն ինչի, չէ՞ որ դժվար է լինում ա՛յն մարդու ճանապարհը, ով պայքարելու ուժ ունի, բայց ոչ ոք իր բարբարոսությամբ չի կարողանալու կոտրել մեզ։ Հնարավորություններն առանց քրտնաջան աշխատանքի չեն տրվում։ Միշտ պիտի ձգտել առաջ ու միայն առաջ։ Այո՛, ինձ մոտ շատ բաներ չեն ստացվում, բայց ես համարում եմ, որ հենց դա է կյանքի իմաստը:
Իմ կյանքում ունեցել եմ հաղթանակներ, բայց շատ դժվարություններով. հաղթանակ ինքս իմ հանդեպ: Հեշտ չի եղել նայել դեմքերի, որոնք ժպտում են քեզ հեգնանքով ու արհամարհանքով, անում արտահայտություններ, որոնցից դու երկար ժամանակ չես կարողանում սթափվել կամ կոտրվում ես՝ «Դու չես կարող», կամ՝ «Մենք ամեն պատահածի վրա ժամանակ չենք կորցնում»։ Շատ անգամ զսպել եմ արցունքներս ու հեռացել կամ շարժվել առաջ, երբեմն կոպտել են կամ ես եմ կոպտել`չկարողանալով զսպել զայրույթս: Նրանք` իրենց մեծ ու կիրթ համարող մարդիկ, չգիտես ինչու, իրավունք են վերապահել ինձ ասելու «Դու դեռ 14 տարեկան ես, ի՞նչ է ապրածդ եղել, ինչո՞ւ ես ցավից խոսում կամ դերի մեջ մտնել»․ ոչինչ չպատասխանելով` հեռանալն եմ նախընտրել` գիտակցելով մի պարզ բան. Եթե անցածս ճանապարհի մի ոտնաչափը անցներ այդ խոսողը, հաստատ չէր կարողանալու առաջ ընթանալ կամ պայքարելու ուժ ունենար. չէ՞ որ չի կարելի քննադատել մարդուն` անկախ տարիքից, չէ՞ որ դու նրա անցած ճանապարհով չես անցել, չես տեսել նրա պայքարը: Ես հասկանում եմ` մեր հաջողությունների լույսը իրենց սրտին նեղություն է տալիս, երբեմն պետք չէ այդպիսի մարդկանց հեռացնել մեր ճանապարհից. նրանց շնորհիվ ենք հասնում հաջողությունների. այդ մարդիկ ուժ են տալիս ապացուցելու, որ դու կարող ես բացասականին հաղթել դրականով: Ես ընդունում եմ, որ մեծ չեմ, բայց իմ ներսը, իմ հոգին է հասունացել տեսածս պատերազմներից Սիրիայում և այստեղ:
Երբեմն լինում են դեպքեր, երբ որևէ հոսանքի ուժ առնում և այսուայնկողմ է քշում կյանքն ու մարդկանց, բայց դրանք պահեր են։ Ովքեր անձամբ ոչ մի պատասխան չեն տալիս առաջադրված հարցին, նրանք միայն պատասխան են պահանջում, թե ո՞րն է մեր պատմական ճանապարհը, գոյության խորհուրդը, և թե ո՞վ խլեց հաղթանակի ոգին, ինչո՞ւ…
Անում ենք կոչեր, կռվում ենք, գոռում ենք «Իմ Արցա՜խ»․․․ «Ի՜մ»… «Ի՜մ»… Քա՛վ լիցի, բայց ոչ մեկդ ոչինչ չեք ուզում անե՝լ բացի խոսելուց։ Տատիկս մի խոսք ուներ. «Լեզուն փուշ չունի, որ ծակի. խոսում են այն, ինչ ուզում են»: Հիմա ավելի լավ եմ հասկանում այդ մտքի իմաստը, պարզապես շատ եմ ցավում ու երբեմն վախենում, որ մանկությանս տեսած ու ապրած պահերը չկրկնվեն, չտեսնեմ։ Այո՛, վախենում եմ տեսնել անձրևի նման ինքնաթիռից թափող փամփուշտները, որոնք ոչ թե թրջում էին մարդկանց, այլ տանում հավերժ։ Ու ցավն այն է, որ ուրիշներն այս ընթացքում հարստանում են․ նրանց, այսպես ասած, ամեն մի պաշտոնական հանդիպումից զոհվում են թիկունքում կանգնած մեր հերոսները։
Պիտի ընդունենք, որ բոլորս ենք պարտվել, թեկուզ մեկ զոհով, մեկ չնչին վախով: Այսքան զոհ այսքան պայքարից հետո՞ :
Ո՞րն է Հաղթանակի գինը. մի՞թե այն, երբ չգիտես՝ քեզ բախտավոր համարես թե անբախտ, որ կորցրել ես մեկին, ով դարձել է անմահ հերոս:
Ինչո՞ւ չենք կարող ապրել խաղաղ, ինչո՞ւ… Պարզապես ապրենք հանուն մեր նահատակների, մեր զինվորների, որոնց շնորհիվ ողջ ենք և պարտավոր գնահատելու կյանքի ամեն մի վայրկյան։
Բայց չպիտի մոռանանք` մերը պետք է լինի այն հողը, որտեղ թափվել է մեր եղբայրների, հայրերի արյունը․ դա մերն է, այն պարզապես հող չէ. այն դարձավ սրբավայր մեզ համար:
Մենք պատերազմող ազգ չենք, բայց երբ ստիպում են, մենք ելնում ենք ոտքի ամբողջ ազգով և մեր պայքարը փառավորվեց խիզախ հայորդիների անունով: Ցավով եմ ասում, որ ազգս ականատես եղավ ադրբեջանցի ելուզակների ստորության բոլոր դրսևորումներին: Այս պայքարը մեր ամենացավոտ պայքարն էր. պայքարը, ցավն ու սարսափը հասունացրին մեզ` պատանիներիս, և վրեժով լցրին մեր սրտերը, այս անգամ մենք ենք գալու, իսկ դուք սպասե՛ք: Մեր հերոս քաջերը գնում էին առաջ՝ ընդունելով մահը, դրա համար պարտավոր ենք մեր սրտերում պահել նրանց անուններն ու կատարած սխրանքները և հասնել հաղթանակի ամեն գնով: Մեր կռիվն արդար է լինելու։ Այն կամքը, որ ունեցել են մեր հերոսները, նրանց համարձակությունը, չհանձնվելու ուժը ինձ մեծ պատասխանատվություն թողեց` կյանքում լինել ավելի ուժեղ, վստահ ու պայքարող, ինչպես նաև սառնասիրտ։ Երբեք չպիտի թերագնահատենք դիմացինի ուժը, դա պիտի լինի ցանկացած պայքարում: Մեր հաղթանակի գինը կլինի այն, որ ոչ միայն պատերազմական իրավիճակում լինենք միասնական, այլ միշտ, ոչ միայն պատերազմի ժամանակ գնահատենք ու սիրենք մեր զինվորներին, այլ միշտ։ Հավաքենք մեր ուժերն ու շարունակենք մեր պայքարը, բայց նախ ինքներս մեր հանդեպ, հետո միայն՝ աշխարհի, և ամեն մեկս փորձենք մեղադրանքներն ու բողոքները մի կողմ դնել ու զբաղվենք կարևոր գործերով՝ սիրելով միմյանց, օգնելով:
Ճիշտ է, երկար ենք զգալու ցավը, որ հիմա մեր ներսում է ու այն երբեք չի մոռացվելու։ Իրավունք էլ չունենք մոռանալու, բայց անկախ ամեն ինչից՝ շարժվելու ենք առաջ. Տեղում մնալով` ոչինչ չի փոխվի։ Այո՛, մի պահ ընկանք և դադարեցինք ապրելուց… Ոտքի պիտի ելնենք. Մենք պայքարող ազզ ենք, ունեցել ենք շատ հաղթանակներ ու այն էլ ինչերի գնով։
Միգուցե այն տպավորությունն եմ թողնում, թե շատ բան եմ ուզում կյանքից կամ դժգոհ եմ, կամ բողոքում եմ․ ո՛չ, պարզապես իմ կոչը հանգիստ ու խաղաղ ապրելն է, սիրով ապրելը, միմյանց սիրելն ու հարգելը, խոսելը, ծիծաղելը, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելը, ուրախանալը լիաթոք, վերջապես ամեն օրվա մեջ երջանիկ պահեր փնտրելը: Շատ բան եմ գրել, գուցե ձանձրանալի է, գուցե ոչ մեկին հետաքրքիր չէ… Պատճառը պարզ է. երբ մարդու ներսում բոլոր զգացմունքները խառնվում են իրար (սրտից բխած, արցունքներով խառնված) ոչ մեկին չես կարողանում ասել` մտածելով, որ սխալ են հասկանալու կամ միգուցե ես սխալ հասկացնեմ ու դրա համար գրում եմ ու գրում․․․
Կյանքը գեղեցիկ է, աշխարհն է վատը․ աշխարհն է մարդկաց փոխում, չարացնում, աշխարհում ամեն մի գեղեցիկի կողքին չարն է, սիրո կողքին` ատելությունը ու խաղաղության կողքին`պատերազմը:
Ես փոքր եմ, չէ՞, չպիտի խոսեմ ցավից։ Մի շփոթվում ես, երբ մեղադրում են ցավիդ համար, բայց արդյո՞ք գիտեն, որ բարձր ծիծաղի տակ էլ թաքնված է ցավը, ցերեկային լույսի տակ դա ընդամենը դիմակ է, որը թաքցնում է նույնիսկ լացը, քանի որ լալլու աստիճանի ցավոտ է դարձել մեր՝ դեռահասներիս կյանքը: Երբեմն մեղադրում են մեզ, թե շատ անհոգ ենք մեծանում, բայց չեն էլ գիտակցում` ինչ ցավ կա բոլորիս սրտում: Վրեժով լցված սրտեր, որը դուք չեք էլ տեսնում․ հեշտ է մեղադրելը, բայց ես ձեզ հավատացնում եմ` մենք գիտենք մեր հաղթանակի գինը, մեզ դրսով մի՛ դատեք։ Դուք չեք տեսնում մեր ներսը: