Հաղթանակի գինը

Ջուլիետա Ավետիսյան

«Վարդանանց ասպետներ» դպրոց

8-րդ դասարան

Ես մի փոքրիկ մասնիկն եմ այն հինավուրց ու բազմաչարչար ժողովրդի, որը եկել է դարերի խորքից՝ անցնելով զարգացման երկարատև ու դժվարին ուղի։ Հայաստանը ունեցել է հոգևոր-մշակութային մեծ ձեռքբերումներ, ազատագրկան պայքարի խիզախումներ, բայց, ցավոք, նաև կորուստներ ու վայրէջքներ։ Մեր թանկ կորուստների մեջ է նաև Արարատը` բիբլիական լեռը, հայության խորհրդանիշն ու սրբությունը։ Արդեն մեկ դար է, ինչ հայը կարոտով է նայում Արարատին ու ամեն անգամ հառաչում։

Ես քսանմեկերորդ դարի հայ եմ․ հպարտ եմ, որ ծնվել ու ապրում եմ ազատ ու անկախ Հայաստանում, նախնիներիս թափած արյան գնով նվաճված անկախ երկրիս դուստրն եմ, և ինձ համար հայրենիքիս անկախությունը աչքիս լույսի պես թանկ է։ Ես անչափ սիրում եմ իմ հայրենիքը, հողը, ջուրը, ամեն ծառ ու ծաղիկ, իմ ժողովրդին։ Այս դարերի ընթացքում յայը պայքարել է իր ազատության համար և, ի վերջո, հասել է իր բաղձանքին։ Հայ ազգը բազմիցս ապացուցել է, որ կարող է միավորվել, պայքարել ու հաղթել, և նրա միասնության դեպքում անզոր են բոլորը։

Յուրաքանչյուր հայի պարտքն է լինել մեր սուրբ ու թանկ երկրի արժանավոր զավակը, պահել ու պահպանել մեզ ժառանգվածը։ Լինելով անկախ Հայաստանի քաղաքացի՝ ես ունեմ մի մեծ երազանք՝ շենացնել ու զարգացնել իմ երկիրը, որի համար դեռ անչափ անելիք կա։ Իմ փոքրի՛կ, բայց մե՛ծ հոգով ժողովուրդ, անսահման հպարտ եմ, որ քո մի մասնիկն եմ։

Պատերազմը մեծ ցնցում էր բոլորիս համար: Մեզ՝ մատաղ սերնդիս համար, դժվար է վերապրել այդ օրերի ամբողջ ողբերգությունը, երբ պայքարի ճանապարհի յուրաքանչյուր քայլն արյան մեջ էր։

Վերջացավ քառասունչորս օր տևած մղձավանջը… Բայց մենք դեռ երկար ենք զգալու այն ցավը, որ հիմա մեր ներսում կա, այն դեռ երկար ժամանակ չի մոռացվելու, ու իրավունք էլ չունենք մոռանալու։

Ցավոք, դարերի ընթացքում չենք սովորել դասեր քաղել պատմությունից, բայց հիմա ժամանակն է։ Դժվար է, չափազանց դժվար է առաջ շարժվելը, բայց տեղում մնալով ոչինչ չի փոխվի, իսկ մենք դեռ շատ գործ ունենք անելու։ Քառասունչորս օր չապրեցինք, ու հիմա էլ դժվար է ապրելը։ Մենք այն տղաների հետ դադարեցինք ապրելուց, ովքեր հանուն հայրենիքի ընկան, բայց միևնույն ժամանակ հե՛նց նրանց համար պիտի ինքներս մեզ ստիպենք ապրել։ Ասում են՝ եթե ցավ ես զգում, նշանակում է դեռ ողջ ես։ Ուրեմն՝ քանի դեռ ողջ ենք, պիտի ապրենք ու արարենք, պիտի դասեր քաղենք սեփական սխալներից ու պատասխանատվություն վերցնենք մեզ վրա ամեն ինչ անելու, որ հետագա սերունդները չզգան այն, ինչը մենք զգացինք։

Մենք սեփական մաշկի վրա զգացինք պատերազմի սարսափելիությունը, տեսանք այն ամենը, ինչ միայն գրքերում ու ֆիլմերում էինք տեսել, իսկ դա այնտեղ այնքան գեղեցիկ էր պատկերված, որ սարսափը չէր երևում։ Կամ էլ գուցե երևում էր, բայց մենք ուրիշ հայացքով էինք նայում, չէինք զգում։ Հիմա գիտենք, գիտենք ու թույլ չպիտի տանք, որ մեր երեխաներն էլ գիտենան ու զգան այդ ամենը։

Հիմա ավելի քան երբևէ համախմբվել է պետք, քառասունչորս օր ամենքս իր խրամատում կռվեց հանուն հայրենիքի․ այժմ պահն է ապրելու հանուն հայրենիքի, սովորելու, աշխատելու, շենացնելու երկիրը: Դավաճանողներ, խանգարողներ միշտ են եղել ու միշտ էլ լինելու են, եթե կանգնենք ու ամեն մեկի հետ վիճենք, բոլորին խելք սովորեցնենք, երբեք առաջ չենք գնա։

Մոնթեն ասել է․ «Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա»:

Ունեցանք ահռելի կորուստ․ մեր հայորդիներին նվիրեցինք սարերին ու ձորերին, ուրեմն թողնենք անիմաստ գործերը և ցավի, վերքերի այս անելանելի վիճակի միջով անցնելով՝ ապրենք: Ապրենք ոչ միայն մեր տեղը, այլ նաև նրանց փոխարեն, ովքեր զոհվեցին, և ամենակարևորը՝ ապրենք արժանի…

Հաղթանակի համար թա՛նկ են վճարում , բայց մենք չենք վախենում դրանից, քանի որ պետք է առաջնորդվել է Իսահակյանի խոսքերով .

Վառ ու հզոր քո ապագան

Կայծակնում է իմ դեմ․

Դու հավերժող իմ Հայաստան,

Անուն քաղցր ու վսեմ:

Հավանեցի՞ր. տարածիր