Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթի «Մարդկանց և լեռների մասին» գրքից․
Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա ամենից շատ որտեղ կարելի է տեսնել հրաշքներ, ես կպատասխանեմ՝ Հայաստանում… Քեզանից անկախ ապշում ես, որ աշխարհի այսքան փոքրիկ մի անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը։
Վերևից նայելիս այդ երկիրը նման է վիթխարի բրածո մողեսի զրահի, որովհետև հանրապետության տարածքի երկու երրորդը լեռներ են:
Հայաստանը նշված է եղել բաբելական հնագույն քարտեզներում: Նրա մասին հիշատակություններ կան աքքադյան սեպագրերում մեր թվականությունից առաջ դեռևս երրորդ հազարամյակում: Այն արժեքների մեջ, որոնք օգնել են ապրել ժողովրդին, պահպանել իրենց որպես ազգ, հացն ու գիրքը եղել են կողք կողքի: Ու թերևս պատահական չէ նրանց նմանությունը. ձեռագրի մագաղաթե դեղնած էջերն ու հայկական հացը՝ փրփուր լավաշը:
Քարաստան. հայերը հաճախ այսպես են ասում իրենց երկրին: Որպես հիշատակ՝ հայրենի եզերքից հողը պտղունցներով են տանում հայերը, որոնք ճակատագրի կամոք սփռված են աշխարհով մեկ: