Հայերի, հայերենի և քաղաքակրթության մասին

Հայերենով մեզ հասած հազարավոր ձեռագիր գանձերը մեր հին ու միջնադարյան հրաշալի գրականության, բազմադարյան մշակույթի, իմաստասիրության, բարոյագիտական, պատմագրական, քերականագիտական, ճարտասանական, բժշկագիտական, աստղաբաշխական, մաթեմատիկական, գիտության ու արվեստի այլ ճյուղերի հարյուրավոր ստեղծագործություններում մարմնավորված մեր տեսական զարգացած մտքի արտացոլումն են, որոնցով էլ պայմանավորված է հայոց լեզվի բառային հարստությունը, նրա բառաստեղծական զարմանալի ճկունությունը:

Դեռևս 5-6-րդ դարերում, երբ այսօրվա քաղաքակիրթ ժողովուրդներից շատերը կազմավորված էլ չէին, մեր ժողովուրդը մտահոգված էր ոչ միայն իր հայրենիքն ու լեզուն, ասել է թե իրեն իսկ, անդառնալի կորստից փրկելու օրհասական վտանգով, այլև մարդկային հոգևոր հարստություններին հաղորդակից դառնալու, համաշխարհային մշակույթի զարգացման ասպարեզ մտնելու հոգսով….. Ստեղծելով երկու տասնյակից ավելի նախածանցներ՝ հունաբան հայագետները կերտեցին այնպիսի բառեր ու տերմիններ, որպիսիք են՝ ապացույց, առարկություն, առձեռն, արտադրել, արտադրություն, արտասահման, բաղադրություն, բացասել, բացարձակ, բացատրություն, գերագույն, գերազանց, գերակատարում, դերանուն, դերբայ, ենթակա, ենթարկել, հակադրություն, հակամետ, համագումար, համաժողով, համալսարան, համաչափություն, հարադրություն, հարացույց, մակագրություն, մակարդակ, մակբայ, մակերևույթ, նախադասություն, նախահայր, ներածական, ներածություն, ներբող, ներգործել, ներկա, շարադրել, շարահյուսություն, շարունակել, պարագա, պարագիծ, ստորագրություն, ստորադրյալ, ստորակետ, վերադարձ, վերածնություն, տարածական, տարակուսանք, տրամաբանություն, փոխադարձ, փոխադրություն, փոխակերպություն, փոխանցում և այլն, և այլն:

Սրանք և այս եղանակով ստեղծված հարյուրավոր բառեր և տերմին­ներ, որոնք կարծես երեկ են ստեղծվել, այսօր էլ հայերենի գիտական բառապաշարի ամենագործածական բառերն են նույն կամ փոխված նշանակություններով:

Հովհաննես Բարսեղյան
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, Եր.-2006 թ.

Հավանեցի՞ր. տարածիր