Երբ թերթում ես հայոց պատմության էջերը, տպավորություն ես ունենում, թե աշխարհում ոչ մի ժողովուրդ այդքան պատերազմներ չի տեսել, և ոչ մի ազգ չէր դիմանա ամեն դար պատահող մի քանի ահեղ պատուհասի։ Սակայն կարդալով հայ միջնադարյան պատմիչների աշխատությունները, տեսնում ենք, որ մեր նախնիներն այլ հայացքով են նայել աշխարհին։ Յուրաքանչյուր պատերազմ՝ օտարի ասպատակություն լիներ, թե ներքին անհաշտություն, նրանք համարել են հոգևոր հարձակում, ու վստահ լինելով, որ հոգին անմահ է՝ մարտնչել են հանուն հոգու փրկության, և դա՝ ամենաուղիղ, այլ ոչ թե բանաստեղծական իմաստով։
Միջնադարյան մեր արքաները, զորավարները, զինվորներն ու հասարակ ժողովուրդը ավելի ջերմորեն են կապված եղել քրիստոնեությանն ու Հայ Եկեղեցուն, և միշտ պայքարել են «հանուն Հավատի և Հայրենիքի» (Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց), այլ ոչ թե միայն հանուն Հայրենիքի։ Ավելին՝ Հայրենիքի գոյությունն ուղղակիորեն պայմանավորելով անաղարտ հավատով, քրիստոնեական սիրով, եղբայրական միասնությամբ և աղոթական կյանքով՝ այս նշանաբանում նրանք հատուկ են «Հավատ» բառն առաջինը նշել։
Այսօր էլ եթե մենք աշխարհում և մեզ հետ տեղի ունեցող բոլոր փոթորկալից իրադարձություններին նայենք հենց այս լույսի ներքո, գուցե շատ բան ավելի տեսանելի ու հասկանալի դառնա, և մեր հույսն էլ կապված լինի ոչ թե աշխարհիկ՝ փոփոխական ու անցողիկ «բարօրության» հետ, այլ հոգևոր պարգևի, որին հավատացել և որին իրենց նահատակությամբ արժանացել են անհամար հայորդիներ։