Հայկական հանրագիտարանը

Հավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանում հանրագիտարաններ տպագրող պետական գիտական հրատարակչություն կա, որը հիմնադրվել է դեռ 1967 թ․։ Այսօր հրատարակչությունը գործում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում:

1974–2008 թթ․ «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 մլն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարևորություն ուներ «Հայկական սովետական հանրագիտարանը»  (12+1 հատորով), որը տպագրվել է 1974–88 թթ-ին՝ 100 հազար տպաքանակով: Այսօր, իհարկե, շատ թեմաների այլ մեկնաբանություն կտրվեին այդ հանրագիտարանում, սակայն դրանով հանդերձ՝ անուրանալի է, որ այնտեղ անթիվ տեղեկություններ կան, որոնք օգտակար և արդիական են մինչ օրս։

Հայտնի է նաև «Հայկական համառոտ հանրագիտարանը»՝ հայագիտական ուղղվածության համապարփակ չորսահատորյակը: Պարունակում է շուրջ 13 հազար հոդված, ունի հարուստ պատկերազարդում: Հատորներում համառոտ ներկայացված են հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական հարստությունները, գիտության, արվեստի ու մշակույթի նվաճումները, – հանրահայտ դեմքերի կենսագրություններ:

«Տնային տնտեսության հանրագիտարանը» խորհրդատու և օգնական են տանը, կենցաղում, այգեգործական հողամասում, հանգստի վայրում և այլուր:       

«Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» տարածված հիվանդությունների ճանաչման ու կանխարգելման, տնային պայմաններում առաջին բուժօգնություն ցույց տալու, անձնական հիգիենայի կանոնների, առողջապահության առօրյա հարցերի, ինչպես նաև Հայաստանի տարածքում աճող դեղաբույսերի օգտակար հատկությունների մասին է:

«Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի լեռնագրության, ջրագրության, հողերի, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհների, բնապահպանական ու էկոլոգիական խնդիրների մասին է: Շատ օգտակար ձեռնարկ է հայրենի բնաշխարհն իրապես ճանաչելու և պահպանելու համար:

Տպագրվել են նաև մի շարք ճյուղային հանրագիտարաններ։ Հայտնի են «Հայկական հարց» հանրագիտարանը, «Հայ Սփյուռքը», «Քրիստոնյա Հայաստանը», որ ներկայացնում է Հայաստանի տեղը քրիստոնյա աշխարհում, ինչպես նաև Հայ Եկեղեցու ծեսերը, ավանդույթները, տոները և այլն:      

Մանկական հանրագիտարաններից բոլորին է ծանոթ խորհրդային շրջանում տպագրված «Ինչ է, ով է» չորսհատորյակը, սակայն անկախության առաջին տասնամայկում տպագրվել են նաև «Ոսկեփորիկի» երեք հատորները, իսկ ավելի ուշ՝ «Դպրոցական մեծ հանրագիտարանը», որը ներառում է պատմության, լեզվի, գրականության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ:

Այսօր հրատարակչությունն ունի նաև իր ինտերնետային հարթակը՝ encyclopedia.am կայքը։

Հավանեցի՞ր. տարածիր