Հայկի արձանը

Հայկ նահապետի արձանը Երևանի խորհրդանիշներից է։ Այն կանգնած է Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի հարևանությամբ։
Հայ ժողովրդի անվանադիր նախնու արձանի հեղինակը քանդակագործ Կառլեն Նուրիջանյանն է, դրվագողը՝ Գասպար Գասպարյանը։ Քանդակի բնորդը եղել է հայտնի բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

Ավանդությունը պատմում է, որ Հայկը հզոր աղեղնավոր է եղել, և հանդուգն Բելին տապալել է հենց հեռահար նետահարությամբ։ Այդ պատճառով է նա քանդակված հսկա աղեղը ձեռքին, ասես հիմա էլ պաշտպանում է հայոց երկիրը։

Հայկը քանդակված է խիստ հայկական դիմագծերով, մարտիկի հսկա ու ամրակազմ մարմնով, հուժկու բազուկներով, իսկ աչքերը կարծես կենդանի լինեն՝ լի արիությամբ ու նաև թախծով։ Նրա թավ հոնքերը ձգված են և վճռականության հետ միասին մի փոքր տխրություն են արտահայտում։

Քչերը գիտեն, որ Հայկ նահապետի արձանը սկզբնապես՝ 1970 թ․, տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի առջև, իսկ իր այժմյան տեղում կանգնեցվել է հինգ տարի անց։

Հավանեցի՞ր. տարածիր