Պատմագիրները վկայում են, որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալներն էին: Առաջին դարում նրանք անցնում են մարերի, պարսիկների, ասորիների երկրներով և հասնում Հայաստան՝ ամենուր բերելով մարդկանց քրիստոնեության, մկրտելով, կատարելով բժշկություններ:
Սակայն երկու առաքյալները Հայաստանում գործել են իրարից անկախ: Առաջինը Հայաստան է հասնում Թադեոսը: Սուրբ Գրքում նա հիշվում է որպես «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» կամ «Հակոբի որդի Հուդա»:
Ավանդության համաձայն՝ Եդեսիայում Թադեոսը բուժում է Աբգար թագավորին, ինչպես որ արքային նախապես խոստացել էր Քրիստոս՝ իրեն այցելած պատվիրակների միջոցով: Հետո սբ. Թադեոսը գալիս է Հայաստան և սկսում ավետարանել ու բժշկություններ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ գտնվում էր հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցը: Այսպես են առաջին հայերը քրիստոնյա դառնում դեռևս առաջին դարում: Նրանց թվում էր նաև արքայադուստր Սանդուխտը: Սակայն Սանատրուկ արքան սրի է մատնում բոլոր նորադարձներին, իսկ հարազատ դստերը բանտարկում: Կռապաշտ թագավորն ամեն կերպ փորձում էր ստիպել Սանդուխտին հրաժարվել իր հավատքից, բայց նա անսասան է մնում: Գաղտնի բանտ այցելած Թադեոս առաքյալի աղոթքով՝ քանդվում են արքայադստեր կապանքները, և այդ հրաշքի շնորհիվ նորադարձների թիվն էլ ավելի է մեծանում: Ի վերջո կատաղած արքան հրամայում է սպանել դստերը: Դահիճը, ով պիտի գլխատեր նրան, չի համարձակվում դա անել և սրով խոցում է աղջկա սիրտը։ Ահա այդպես Սանդուխտը դառնում է առաջին հայ կին մարտիրոսը: Երեք օր նրա մարմնի վրա երկնքից լույս է տարածվում։ Սուրբ Սանդուխտին թաղում է Թադեոս առաքյալը, որից հետո նա ևս նահատակվում է։