Հատվածներ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունից
….Նա (Մեսրոպ Մաշտոցը – խմբ.) Տարոն գավառից էր՝ Հացեկաց գյուղից՝ Վարդան անունով երանելի մարդու որդին: Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ, եկել, հասել Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը՝ դառնալով արքայի տված հրամանի ծառայողը՝ ոմն Առավանի՝ մեր Հայոց աշխարհի հազարապետության ժամանակ: Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին: Եվ այնտեղ հենց ջանալով ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցանությանը, որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց, խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ և ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն՝ իշխանների ծառայություն էր կատարում:
Եվ դրանից հետո նա, ըստ ավետարանական կանոնի, դարձավ մարդասեր Աստծու ծառայությանը, այնուհետև մերկացավ (իրենից հեռացրեց – խմբ.) իշխանական ցանկությունները և պարծանքի խաչն առնելով՝ դուրս եկավ ամենակեցույց Խաչվածի հետևից: Եվ [հավատքի] հրամաններին հավանելով՝ խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ:
….Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ, գնաց, իջավ Գողթնի անկարգ ու անխնամ տեղերը: Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը՝ մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր….: Իսկ երանելին, իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով, իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց [քարոզել] գավառում….: Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին….: Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի՞ ելք գտնի այդ բանի համար:
Եվ շատ օրեր հենց այնտեղ նույն [խնդրով] զբաղվելուց հետո վեր կացավ, այնուհետև հասավ Մեծ Հայաստանի սուրբ Կաթողիկոսի մոտ, որի անունը Սահակ էր, որին և պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերմամբ:
….Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին և շատ նեղություններ կրեցին. հետո և իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում: Այն ժամանակ արքան պատմեց նրանց մի մարդու՝ Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին, որ հանկարծ գտել է հայերեն լեզվի ալփաբետներ–նշանագրեր….
….Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար (մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից թաղված և հարություն առած հանդիպեցին), ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ ելք էին փնտրում դրան:
Դրա համար երանելի Մաշթոցը*` արքայի հրամանով և սուրբ Սահակի համաձայնությամբ, մի խումբ մանուկներ առավ հետը և սուրբ համբույրով միմյանց հրաժեշտ տալուց հետո ճանապարհ ընկավ….
….Աշակերտասեր ուսուցիչը, իր հետ տարածներին երկու [խմբի] բաժանելով, ոմանց ասորական դպրության կարգեց [Եդեսիա քաղաքում] և ոմանց հունական դպրության [կարգելով]՝ այնտեղից ուղարկեց Սամուսատական քաղաքը:
….Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր: Եվ այստեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով-կապերով:
Եվ ապա հրաժեշտ տալով [տեղի] սուրբ եպիսկոպոսին՝ իր օգնականների հետ միասին իջավ Սամոսատ քաղաքը, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից և եկեղեցուց:
….Եվ սկսեց թարգմանել [Սուրբ] գիրքը՝ նախ Սողոմոնի առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության՝ ասելով, թե՝ «Ճանաչել զիմաստութիւն և
զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որ և գրվեց այն գրագրի ձեռով: Միաժամանակ և սովորեցնում էին մանուկներին՝ գրագիրներ [պատրաստելով] նույն դպրության համար:
* Վարդապետի անունը Կորյունի երկում հիշատակվում է Մաշթոց տարբերակով: