Միջնադարյան Հայաստանի կիլիկյան հոգևոր դպրոցի ամենափայլուն դեմքերից մեկը, ով նաև համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է, Ամենայն հայոց կաթողիկոս սուրբ Ներսես Շնորհալին է (Ներսես Դ Կլայեցի՝ բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան։
Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը՝ իշխան Ապիրատ Պահլավունու որդին: Սովորել է Սև լեռան վանքերից մեկում, ապա Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, իսկ մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:
Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ժառանգությունը, որը մեզ է հասել գրեթե անկորուստ: Գրել է և՛ արձակ, և՛ չափածո երկեր՝ ճառեր, թղթեր, մեկնություններ, տաղեր, բանքեր, շարականներ, հանելուկներ, պոեմներ և այլն: Արձակ գործերն առնչվում են հեղինակի եկեղեցական ու քաղաքական գործունեությանը և ունեն պատմական ու գրական մեծ արժեք:
Շնորհալու արձակի պսակը «Թուղթ ընդհանրականն» է, որը նորընտիր կաթողիկոսի անդրանիկ կոնդակն էր՝ ուղղված հայ ժողովրդին: «Թուղթ ընդհանրականը» ժամանակի Հայ եկեղեցու, հոգևորականության, աշխարհիկ խավերի կենցաղի ու բարքերի հայելին է, որն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Գրված է կուռ տրամաբանությամբ, պարզ, հստակ ու պատկերավոր լեզվով:
Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների երկու շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ:
Շնորհալին մեր ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու Պատարագի և ժամերգությունների երգասացությունները։ Շնորհալին խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով։
«Նորահրաշ պսակավոր» ազգային-հայրենասիրական շարականում հեղինակը գովերգել է Ավարայրի հերոսներին՝ Մեծն Վարդանից մինչև նահատակված շարքային մարտիկները: «Հավատով խոստովանիմ» նշանավոր աղոթքը՝ բաղկացած օրվա 24 ժամերին համապատասխան տներից, համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է, որ թարգմանվել է 36 լեզվով: Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»:
Շնորհալու «Վիպասանություն» պոեմը (1121 թ.) առաջին չափածո պատմագրական երկն է, որ սիրվել ու տարածվել է ողջ միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան: Նրա «Հիսուս որդի» պոեմը, ինչպես «Նարեկը», ժողովրդի համար եղել է նաև բուժող աղոթամատյան:
Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» (1145 թ.) քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ․ Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս և սգավոր այրի, որը հիշում է իր երանելի անցյալը, զոհված զավակներին, անիծում ոսոխներին և արդարություն տենչում:
Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին՝ որպես սուրբ հայրապետ ու մատենագիր: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով: