1. ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ։ Հայերենն ունի շուրջ 11 հազար բառարմատ, որոնցից յուրաքանչյուրով կազմվել և կազմվում են հարյուրավոր բառեր։ Առատ են հոմանիշները՝ յուրաքանչյուրն իր իմաստային նրբերանգով։ Գոյություն ունեցող յուրահատուկ կաղապարների շնորհիվ նոր բառը հաճախ իր ստեղծման պահից իսկ հասկանալի է այդ կազմությանը ոչ ծանոթ հայախոսին։ Օրինակ՝ եթե մեկն առաջին անգամ լսի «նպարախանութ» բառը (համեմատաբար նորակազմ է), միանգամից կհասկանա, որ խոսքը նպարեղենի՝ պարենամթերքի խանութի մասին է։
2. ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Հայերենը խիստ տրամաբանական լեզու է․ ունի բազմաթիվ քերականական կարգեր, գոյականի մի շարք հոլովումներ, բայի տասնյակ ժամանակաձևեր և այլն, իսկ ընդհանուր օրինաչափություններից դուրս լեզվական իրողությունները մեծաթիվ չեն, և անգամ դրանք հաճախ ունեն իրենց օրինաչափությունը, երբ դիտարկվում են պատմական՝ տարժամանակյա մոտեցմամբ։ Ի դեպ, քերականական կարգերի առատությունն իրականում ոչ թե բարդացնում է լեզուն (թեպետ ուսուցման սկզբնական փուլում կարող է այդպես թվալ), այլ հակառակը՝ հստակեցնում, ստույգ է դարձնում մտածողությունը և միտքը ճշգրիտ արտահայտելու հնարավորություններ տալիս՝ հաղորդակցման ընթացքում բազմաթիվ իմաստային նրբություններ նույնպես ստույգ փոխանցելու առումով։
3. ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ։ Հայերենում սակավ են բաղաձայնների կուտակմամբ միավորները, ինչը ոչ միայն դյուրացնում է դրանց արտասանությունը, այլև ապահովում է բարեհնչությունը։ Հայոց լեզվի ամենագործածական տասը հնչյունները հետևյալն են․ ա, ն, ե (է), ր, յ, ի, վ, ու, ը, օ։ Ինչպես տեսնում եք, առաջին տասնյակում են գտնվում հայերենի բոլոր վեց ձայնավորները։
4. ԳԻՐԸ։ Հայերենում որևէ հնչյուն չի արտահայտվում երկու կամ ավելի տառերի համադրությամբ, ինչպես նաև տառերը չունեն որևէ հավելամասնիկ՝ կետիկներ կամ գծիկ վերևում, պոչիկ ներքևում է այլն։
5. ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։ Հայերենում ավելի տարբերակված է բութի, անջատման գծի և ստորակետի գործածությունը, որոնք առավել հստակ են արտահայտում խոսքային միավորների կապակցական հարաբերությունները, իսկ առոգանության նշանները դրվում են կոնկրետ շեշտվող բառի վրա, այլ ոչ նախադասության վերջում։