«Տարբեր տարիքի երեխաների հոգեկան հատկությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ճիշտ որոշելու երեխաների ուսումնա-դաստիարակչական աշխատանքների բովանդակությունը և ցուցաբերել անհատական մոտեցում»,- նշում է մանկավաժ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Անահիտ Ղազարոսյանը:
Ըստ նրա՝ տարրական դասարաններում բարոյական գնահատումները պարզելու համար օգտակար են զրույցի, դիտումների մեթոդները, հերոսների մասին պատմությունների ընթերցումը։ Այսպես՝ ուսուցիչը ցուցադրում է տարբեր իրավիճակային նկարներ, կոնֆլիկտային իրադրություններ և որոշում նրանց ճիշտ կողմնորոշվելու կարողությունը, նրանց դրական կամ բացասական վերաբերմունքը, համարձակությունն ու պատրաստակամությունը օգնության հասնելու և այլն, որոնք այն նախադրյալներն են, որ հետագայում կձևավորեն նաև հայրենասիրություն: Մի բան ևս հստակ է․ չի կարելի հայրենասեր դաստիարակել, եթե երեխան ինքնասիրահարված է, աշխատասեր չէ:
Հայրենասիրություն դաստիարակելը պահանջում է հետևողական, համբերատար աշխատանք․ այն չի ձևավորվում միանգամից․ դրա ակունքները շատ խորն են, գալիս են նախնիներից, սկիզբ են առնում ընտանիքում, բակում, ընկերական և հասարակական հարաբերություններում, դառնում կայուն որակ և անձի անբաժանելի մաս ու բնավորության գիծ:
Ա․ Ղազարոսյանը նշում է, որ դեռահասության և պատանեկան տարիքում աշակերտն իր արարքներում հաճախ հիմնվում է հասարակական կարծիքի և բարոյական պատկերացումների վրա, յուրացնում է դրանք, և գալիս է մի պահ, երբ արդեն կարող է ինքնուրույն կարգավորել ու վերահսկել իր արարքները, գործողությունները՝ առաջնորդվելով սեփական բարոյական նորմերով, արժեքներով, պարտքի պատասխանատվության գիտակցմամբ, սեփական արժանապատվությամբ ու խղճի թելադրանքով:
Իսկ հատկապես ավագ դպրոցական տարիքում կարելի է խոսել ինքնության մասին: Պետք է բացատրել, որ ինքնությունը ունենում է տարբեր դրսևորումներ`
ա) ես-ի ինքնություն,
բ) սոցիալական ինքնություն, որը կապված է անձի սոցիալական կարգավիճակի և վերջինիս մեջ դրա վերծանման հետ,
գ) կոլեկտիվ ինքնություն, որը կարող է կապված լինել այն կոլեկտիվի կամ կոլեկտիվների հետ, որոնց տվյալ պահին անձը պատկանում է,
դ) մասնագիտական, որը առնչվում է անձի ընտրած մասնագիտությանը,
ե) էթնոազգային ինքնություն, երբ տրվում են թե՛ ազգային պատկանելության հույժ կարևոր, թե՛ էթնոսին առնչվող ինքնության ուղենիշները:
Պետք է հստակ գիտակցել, որ հայրենիքը սոսկ աշխարհագրական միջավայր չէ, այլ հոգևոր արժեքներով հարուստ ու սրբազան անկյուն, տարածք, որը քոնն է և յուրա քանչյուր հայինը: Ա․ Ղազարոսյանը հիշեցնում է, որ հայրենասիրությունն ամենաուղղակի առնչությունն ունի ծնողասիրության ու որդեսիրության հետ, և որ պատմությունն այդ իմաստով լավագույն ուսուցիչը կարող է լինել աշակերտների համար։ Սովորողների բարոյական նորմերի, հայրենասիրության ձևավորման արդյունավետությունը երևում է այն ժամանակ, երբ դաստիարակության խոսքային մեթոդները զուգակցվում են գործունեության տարբեր ձևերի հետ, և աշակերտը այդ գիտելիքները դրսևորում է իր առօրյա վարքում՝ տանը, դպրոցում, ընկերների շրջանում։