Նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը պատմական ժանրի հիմնադիրն է հայ գեղանկարչության մեջ, ով նաև զգալիորեն նպաստ է բերել գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը:
Վարդգես Սուրենյանցը նկարել է մանկուց: 1870–75 թթ․ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ավելի ուշ նա ուսանել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, ապա գեղանկարչության բաժիններում: 1881 թ. Սբ Ղազար կղզում Սուրենյանցն ուսումնասիրել է հայ գրչարվեստն ու մանրանկարչությունը:
1885–87 թթ-ին շրջագայել է Պարսկաստանի զանազան քաղաքներով, ստեղծել է մի շարք կտավներ արևելյան թեմաներով: 1890–91 թթ-ին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Նա ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ:
1892 թ-ից մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետների հետ (Իլյա Ռեպին, Ալեքսանդր Գոլովին, Ալեքսանդր Մատվեև և ուրիշներ): 1894 թ-ին «Լքյալը» նկարով մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության ցուցահանդեսին: Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին:
Սուրենյանցը ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, XIX դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899 թ.) նկարում նկարիչն արտահայտել է իր մտորումները հայ ժողովրդի անցյալի մասին: 1905–15 թթ Սուրենյանցն ապրել է Սանկտ Պետերբուրգում: 1915 թ-ին, ցնցված Մեծ եղեռնից, մեկնել է Թիֆլիս և Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ:
Սուրենյանցն ստեղծել է XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք: «Ոտնահարված սրբություն» (1895 թ.) կտավում արտահայտել է թուրք իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ: Հայոց ճակատագրի և անցյալի մասին իր մտորումները նկարիչը մարմնավորել է «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ» (1897 թ.), «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905 թ.), «Մկրտիչ Խրիմյան» (1906 թ.), «Սալոմե» (1907 թ.), «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909 թ.), «Ֆիրդուսին կարդում է «Շահնամե» պոեմը Մահմուդ Ղազնևիին» (1913 թ.) կտավներում:
Սուրենյանցը նաև փայլուն դիմանկարիչ և բնանկարիչ է, խոշորագույն գրաֆիկն ու բեմանկարիչը արևելահայ կերպարվեստում:
Սուրենյանցի «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված (1912 թ.) և Վենետիկի համաշխարհային (1914 թ.) ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում (1901 թ.) և Երևանում (1931 թ., 1960 թ.` հետմահու):
Էջմիածնի Մայր տաճարն է զարդարում Սուրենյանցի «Աստվածամայրը գահի վրա» կտավը։
Նվեր Վիրաբյան
Մարիետա Միտինյան