«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:
«Հանելուկներ» ճանաչողական գիտելիքները հարստացնող, տրամաբանական մտածողությունը և վերլուծական-համադրական կարողությունները զարգացնող խաղ:
Գուշակի՛ր հանելուկի պատասխանը և գրի՛ր:
Խաղը նպաստում է ճանաչողական գիտելիքների հարստացմանն ու ամրակայմանը, տրամաբանական մտածողության և վերլուծական-համադրական կարողությունների ձևավորմանը: Այն կարող է կիրառվել ինչպես տանը, այնպես էլ դասագործընթացում ոչ միայն հանելուկ գուշակելու, այլև հնչյունային վերլուծություն կատարելու, հնչյուններն ու դրանց տառերը համադրելու, բառերը ինքնաթելադրությամբ գրելու կարողությունները զարգացնելու նպատակով: Ընդ որում՝ կիրառելի է թե՛ գրաճանաչության փուլում՝ անցած տառերի սահմանում աշխատելու համար, թե՛ հետայբբենական շրջանում:
Հանելուկի ունկնդրումից հետո անհրաժեշտ է գուշակել հանելուկի պատասխանը, ապա էկրանի ստորին հատվածում տրված այբուբենից ընտրել անհրաժեշտ տառերը և կազմել՝ գրել-հավաքել բառը: Ճիշտ պատասխանի դեպքում էկրանին հայտնվում է առարկայական նկարը: