Հենրիկ Մալյան

Հենրիկ Մալյանի մանկությունն անցել է Վրաստանում:

Թելավ՝ գավառական մի փոքրիկ քաղաքում:

Զով ու մեղմ երեկոներին զուգված ու զարդարված համաքաղաքացիները, մազերը թաց սանրով հարդարած, դուրս էին գալիս զբոսանքի` քաղաքի կենտրոն:

Թելավը քաղաք-թատրոնի էր նման, որի բոլոր բնակիչներն իրենց դերն ունեին, ինչպես լինում է թատրոնում կամ կինոյում: Քաղաքն ուներ իր իմաստունն ու իր ցնորվածը, ասպետն ու բռնակալը, դահիճը, հերոսը: Եվ ամեն օրվա ամեն պահի մեջ կարծես ներկայացում ես տեսնում, դառնում քաղաք-թատրոնի հանդիսատեսը…

Փոքրիկ Հենրիկը, քրոջ ձեռքը բռնած, մոր ու մորաքրոջ հետ անցուդարձ էր անում երկու հարյուր քայլ երկարություն ունեցող Թելավի հրապարակում, գավառական մեր քաղաքի բոլոր բնակիչների կողքով և նայում էր, դիտում, խորհում…

Իսկ մի փոքր հեռվից՝ կինոթատրոնների խորհրդավոր դահլիճներից, լսվում էին առաջին հնչյունային ֆիլմերի գրավիչ ձայները:

Հինգ-վեց տարեկան փոքրիկին հարևանուհի Նինան տանում էր քաղաքային կինոթատրոն, որտեղ նա հսկիչ էր աշխատում: Նստեցնում էր իր կողքին: Եվ այսպես, ամեն օր երկու անգամ դիտում էին նույն ֆիլմը: Հետո, ֆիլմի կադրերից ու դեպքերից հոգնած` Հենրիկը սովորություն ուներ հետևելու դիտողներին…

Հետո Մալյանը եկավ Երևան և տարիներ անց նկարահանեց «Եռանկյունի», «Գիքորը», «Կտոր մը երկինք», «Հայրիկ» ֆիլմերը: Դրանք դարձան մեր ամենասիրելի կինոնկարներից:

Ցավոք, շատերը չեն դիտում մեր լավագույն հայկական ֆիլմերը: Դրանով նրանք շատ մեծ բան են կորցնում: Այ, երբ հեռուստացույցով ցույց տան այս ֆիլմերը, աշխատի՛ր բաց չթողնել: Դրանից հետո միայն կհասկանաս, թե ինչու ենք Մալյանին սիրում:

Հավանեցի՞ր. տարածիր