Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս սովորաբար ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր այնպես, կարծես թե իր միտքը զարգացնում էր հենց միայն նրա համար։
Մի անգամ, երբ գիտնականը, սովորության համաձայն, իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին, վերջինս, անչափ շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթ ժպիտով դիմում է դասախոսին.
– Ասացեք, մաե՛ստրո, ինչո՞ւ էիք այսօր Ձեր խոսքն անվերջ ուղղում ինձ։
Էյնշտեյնը, որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանում է.
– Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնելու ամենաբութ դեմքը և բացատրելու հատկապես նրան… Երբ այդ դեմքին վերջապես իմաստ է հայտնվում, ես համոզվում եմ, որ մյուսները նույնպես հասկացել են դասախոսության նյութը։