Որպեսզի հեքիաթը կամ պատմությունը ուժ ունենա, օգնող կամ դաստիարակող ազդեցություն, պետք է կարևորել սյուժեի և նրա զարգացման տրամաբանությունը։ Նախ՝ հեքիաթը պետք է ինչ-որ բանով նույնացվի երեխայի խնդրի հետ, բայց ոչ մի դեպքում ամբողջությամբ նույնը չլինի: Այն պետք է ընդհանուր անդրադարձ լինի այդ խնդրին, լուծման տարբերակներ առաջարկի, որոնք լսելով՝ երեխան կարող է գտնել հնարավոր ելքերը: Իսկ հեքիաթի սյուժեն պետք է զարգանա կոնկրետ հերթականությամբ․
1) «Լինում է-չի լինում․․․»․ ներկայացվում է հեքիաթի սկիզբը, երեխաները ծանոթանում են հերոսներին: 3-4 տարեկան երեխաների դեպքում որպես հերոսներ խորհուրդ է տրվում ընտրել, կենդանիներ, 5 տարեկանից սկսած՝ հրեշտակների, զինվորների, արքայադուստրերի և արքայազնների: Դեռահասության տարիքում ավելի հետաքրքիր կլինեն առակները:
2) «Եվ հանկարծ մի օր․․․». hերոսները հանդիպում են ինչ-որ խնդրի, որը բովանդակային առումով նման է երեխայի խնդրին:
3) «Դրա համար․․․». հերոսները փնտրում են խնդրի լուծման տարբերակներ, քննարկում դրանք։
4) Կուլմինացիա. հերոսները հաղթահարում են խնդիրը: Կարևոր է, որ այդ ճանապարհին ընդգծվի նրանց արիությունը, խորագիտությունը, չհուսահատվելու կարողությունը, այլ խոսքով՝ խնդրի հաղթահարման հիմնական միջոցները լինեն բնական մարդկային հատկանիշները, նաև հրեշտակների, բարի մարդկանց օգնությունը, բայց ոչ պարզապես կախարդանքը։
5) Ամփոփում․ հերոսը վատն է, արարքը պատժվել է, կամ հերոսը դրական է և հաղթահարում է բոլոր դժվարությւոնները։
6) Հեքիաթի իմաստը. hերոսները դասեր են քաղում իրենց գործողություններից, և նրանց կյանքը փոխվում է դեպի դրականը։
Ծնողներին մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ հեքիաթը պատմելուն կամ պատմողաբար, անհրաժեշտ դադարներով ընթերցելուն։ Անհրաժեշտ է նաև համապատասխան մթնոլորտ ստեղծել՝ հարմարավետ սենյակ, բազմոց, բարձեր: Ծնողը և երեխան միասին պետք նստեն, ցանկալի է, որ ծնողը մեղմորեն գրկի երեխային և պատմի հանդարտ, ոչ բարձր ձայնով:
Հ․ Գ․ – Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ռազիդա Տկաչի «Հեքիաթաթերապիա մանկական խնդիրների համար» գրքից։