Հին հայկական լեգենդներ բույսերի մասին

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ բերանբաց աղջիկ․ իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տնեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով. «Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա»։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։

Աղբրանց արյունը կարմիր, արյունագույն ծաղիկ է։

Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որը, իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։

Նունուֆարը բուսել է Սասունցի Դավթի թափված արյան կաթիլներից, երբ դարանակալ թշնամին Մեղրագետում լողանալիս սպանել է նրան։

Սիրի-սիրի։ Երեք եղբայր սիրահարված են լինում մի աղջկա։ Իրար շատ են խանդում ու նախանձում, վերջում երեքն էլ սպանում են իրար։ Այդ երեք եղբոր թափված արյունից գոյանում է եռատերև սիրի-սիրի ծաղիկը։

Գիհի։ Գրիգոր Նարեկացին մեկի մոտ հոտաղ է լինում։ Մի անգամ տան պառավը, բարկանալով նրա վրա, անթրոցը (թոնրի կրակը խառնելու երկաթ) նետում է նրա հետևից։ Նարեկացին վերցնում է անթրոցը, տնկում հողի մեջ, ինքն անհետանում։ Անթրոցը ծաղկում է, դառնում գիհու ծառ։

Խաղողի որթ։ Հրեշտակը հյուր է գալիս Աբրահամին։ Տանը ուտելու բան չի լինում․ Աբրահամը ստիպված մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտրում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատվիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկույն կենդանանում է և ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաև հորթի կորած ոսկորը և բերում հրեշտակի մոտ։ Հրեշտակը պատվիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպես էլ անում է։ Մեկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։

Բամբակ։ Աստված մարդուն կավից է պատրաստել։ Երբ պատրաստել վերջացրել է, ձեռները իրար է քսել, կավի մնացորդները թափվել են գետին, և դրանցից էլ գոյացել է բամբակը։

Լոշտակ (հայկական ժենշեն)։ Լոշտակը մեծ և լայն տերևներով, երկար ու հաստ ձևավոր արմատներով դեղաբույս է։

Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին շատ է տանջել։ Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձեթ է լցնում նրա մորուքին և կրակ է տալիս։ Վարդապետը, զարհուրած, քնած տեղից վեր է թռչում և տեսնելով Լոշտակին, ասում.

– Գետինը մտնես։

Լոշտակն իսկույն գետինն է մտնում։ Վարդապետը զղջալով իր անեծքի զորությունից, մեղմացնում է խոսքը և ասում.

– Ամենայն հիվանդության դեղ լինես։

Հավանեցի՞ր. տարածիր