Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, Աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
– Առողջացա՞ք․ դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Կապիկը ժամանակին մարդ է եղել և զբաղվել է ներկարարությամբ։ Նա աշխատելուց առաջ ոչ երեսն է խաչակնքել, ոչ էլ աղոթել։ Աստված զայրացել է նրա վրա, անիծել, դարձրել կապիկ։ Մինչև հիմա էլ կապիկի եղունգները կապույտ են, որ մնացել է նրա ներկարար եղած ժամանակներից։
Օձն առաջ թևեր է ունեցել։ Մի օր Աստված կանչում է նրան, ասում.
– Թռիր գնա, մեռածին ասա․ «Պատանդ մաշի՝ տուն արի»։
Օձը թոչում, գնում, ասում է.
– Քարդ մաշի, տուն արի։
Ապա գալիս է Աստծո մոտ։ Աստված հարցնում է՝ ասացի՞ր։
Օձը թե՝ այո, ասացի։
Աստված թե՝ ի՞նչ ասացիր։
Օձը թե՝
– Ասացի․ «Քարդ մաշի՝ տուն արի»։
Աստված բարկանում է, անիծում օձին, ասում.
– Կերածդ հող լինի, շարժմունքդ էլ՝ փորսող։
Այդ օրից օձը զրկվում է թևերից, սկսում է փորսող տալով շարժվել ու հող ուտել։
Իշխան ձուկ։ Ժամանակին Ճռան գետից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
– Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
Գորտը առաջ հղի հարս է եղել։ Սկեսրայրը նկատում է, որ հարսն առանց մեկից քաշվելու, վերցնում ուտում է սրտի ուզածը։ Նա բարկանում է հարսի վրա, թքում երեսին։ Խեղճ հարսը ամոթից իսկույն գորտ է դառնում, մտնում ջուրը։
Բու։ Մի պառավ եկեղեցուց տուն գալիս, իր Պողոս անունով մինուճար որդուն մեռած է գտնում։ Ծանր վշտից սկսում է ողբալ, ձեռները գլխին խփել և Աստծուն խնդրել, որ իրեն թռչուն դարձնի։ Պառավը բու է դառնում և այդ օրվանից ո՛չ հանգիստ ունի, ո՛չ քուն․ գիշերները շարունակ աղիողորմ կանչում է որդուն՝ Պողո՜ս, Պողոս…
Տատրակը ժամանակին աղջիկ է եղել։ Մի անգամ հայրը քաղաքից նրա համար շորացու կտոր է բերում, աղջիկը չի հավանում և շոր չի կարում։ Հայրը բարկանում է, անիծում, ասում.
– Որ իմ բերած կտորը չես հավանում, գնա, թող Աստված քեզ բմբուլից շորեր տա։ Աստծո հրամանով աղջիկն իսկույն տատրակ է դառնում, թռչում և շարունակ կրկնում.
Գուքը կու-գու, ամին էկել ա,
Գուքը կու-գու, ինչ բերել ա.
Գուքը կու-գու, թոփով շիլա.
Գուքը կու-գու, էրեսն ի՞նչ ա.
Գուքը կու-գու, ես ուզում չեմ։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին՝ պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ, հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Մոծակ և ծիծեռնակ։ Մի անգամ խայթող սողունները հավաքվում են խորհրդի՝ որոշելու համար, թե որ կենդանու արյունն է ամենից քաղցր։ Շատ վիճելուց հետո տեսնում են, որ համաձայնության չեն գալիս, մոծակին են կանչում։ Մոծակին պատվիրում են գնալ, բոլոր կենդանիների արյունը համտես անել և գալ, իրենց հայտնել։ Մոծակը գնում, խայթում է բոլոր կենդանիներին և գտնում, որ ամենաքաղցրը մարդու արյունն է։ Երբ մոծակը վերադառնում է սողուններին հայտնելու իր եզրակացությունը, ծիծեռնակը հարձակվում է նրա վրա, սպանում։
Արագիլներն իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։
Կռունկ սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։
Հոպոպը գեղեցիկ աղջիկ է եղել՝ սիրահարված մի կտրիճ երիտասարդի։ Ծնողները, հակառակ աղջկա կամքին, նրան ամուսնացնում են ուրիշի հետ։ Հարսնաբաղնիքի ժամանակ աղջիկը հիշում է իր սիրածին և կարոտով ինքն իրեն ասում. «Ա՜խ, երանի թոչուն լինեի, սար ու ձոր ընկնեի, սիրածիս գտնեի»: Աստված անմիջապես կատարում է նրա բաղձանքը։ Աղջիկը դառնում է թռչուն՝ սանրը գլխին դուրս թոչում։
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։
Կաչաղակը մի անգամ գալիս նստում է մի պառավի տան կտուրին, ավետում նրան, որ որդին վերադառնալու է օտարությունից։ Պառավն առանց հասկանալու կաչաղակի բերած բարի լուրը, մի կտոր հաց է նետում նրան։ Կաչաղակն իսկույն կտուցն է առնում հացը, տանում տալիս է պառավի տղային, որը խիստ քաղցած է լինում։ Նորից է վերադառնում պառավի մոտ, դարձյալ նույն լուրն ավետում, էլի մի կտոր հաց ստանալով, տանում է պառավի որդուն։
Կաչաղակը նույն բանը մի քանի անգամ էլ է անում, մինչև որ պառավը ձանձրանում է, քար է նետում կաչաղակին։ Սա առնում է քարը, տանում գցում պառավի տղայի գլխին, սպանում։ Պառավը գալիս է մեռած որդու մոտ և իսկույն ճանաչում իր նետած քարը։ Դրանից հետո այլևս քար չեն նետում կաչաղակին, միայն հաց են տալիս։
Հավ։ Բոլոր թռչունները հավաքվում են և որոշում, որ եթե Աստված հաջողի, միասին թռչեն մի տեղ։ Հավը վեր է կենում տեղից և ամբարտավան-ամբարտավան ասում.
– Ուզում է Աստված հաջողի, ուզում է չհաջողի, միևնույն է, ես թռչելու եմ։
Լուսաբացին բոլոր թռչունները թևերին տալով օդ են բարձրանում։ Հավը, ինչքան թափահարում է թևերը, չի կարողանում գետնից կտրվել։ Այդ օրից մինչև հիմա հավը չի կարողանում թռչել, թեպետ առաջ նա էլ բոլոր թռչունների նման թռչել է իմացել։