Բրազիլիայում կա մի գեղեցիկ քաղաք` Ռիո դե Ժանեյրո: Այս քաղաքի ամենաբարձր լեռան գագաթին՝ նավահանգստի մոտ, տեղադրված է Հիսուս Փրկչի արձանը: Այն հեռվից նման է խաչի: Արձանը շատ հայտնի և սիրված է աշխարհում: Հիսուս Փրկչի արձանը Ռիո դե Ժանեյրոյի և Բրազիլիայի խորհրդանիշն է դարձել:
Արձանն իր պատվանդանով 46 մետր բարձրություն ունի՝ 16-հարկանի շենքի չափ, և կշռում է 1145 տոննա: Հիսուսի մի ձեռքի ափից մյուսը 30 մետր է:
Հիսուսի արձանը կառուցել են 80 տարի առաջ, կառուցումը տևել է 9 տարի: Երբ Ռիո դե Ժանեյրոյի բնակիչներն իմացան, որ նման արձան է կառուցվելու, շատ ուրախացան ու սկսեցին գումար հավաքել արձանի համար: Եվ քանի որ այն ժամանակ Բրազիլիայում հարմար տեխնիկա չկար նման մեծ հուշարձանի համար, որոշվեց արձանը Ֆրանսիայում պատրաստել: Ֆրանսիայում հավաքվեցին ճարտարապետներ, քանդակագործներ ու երկար քննարկեցին, թե ինչպես անեն, որ այդպիսի բարձրության վրա արձանը դիմակայի քամիներին ու փոթորիկներին: Հետո այն պատրաստեցին ու մաս-մաս տեղափոխեցին Բրազիլիա և կանգնեցրին լեռան գագաթին:
Այդպես Հիսուս Փրկիչն իշխում է քաղաքի վրա։ Թևերը լայն տարածած` նա կարծես գրկում է մարդկանց, քաղաքը, աշխարհը: