Հող իմ հայրենի

Լարիսա Ապրեսյան

Գևորգ Չաուշի անվան համար 24 միջնակարգ դպրոց

6-րդ դասարան

Հայրենիքի ու հայրենի հողի մասին կարելի է անվերջ խոսել: Հայերենի բազմաբովանդակ բառերն անգամ չեն կարող բավականացնել հայրենիքի հանդեպ սերս ու հիացմունքս արտահայտելու համար:

Հայրենիքին պետք չէ նեղացնել, հայրենիքը մոր պես բարի ու փխրուն սիրտ ունի․ եթե ցավեցնես, կթուլանան նրա սահմանները, ոգին, ինչպես որ մորը նեղացնելիս վշտեվ է լցվում նրա սիրտը: Հայրենիքը պետք է սիրես, սիրես անձնվիրաբար, առանց որևէ շահի, քանի որ նա է մարդուն մարդ դարձնում, հայրենիքն է զավակին արժանավայել դաստիարակում, հայրենքին է սեր ու սրբություն ներարկում մարդու հոգուում դեռ մանուկ հասակից:

Իմ հայրենի հողը սրբություն է ինձ համար: Երբ կանգնած եմ այդ հողի վրա, մի այնպիսի ուժ եմ զգում, կարծես արծվի թև առած` թռչելիս լինեմ: Երբ լսում եմ հայրենի եկեղեցիների զանգերի ղողանջները, սիրտս տրոփում է։ Հպարտ եմ հանուն հայրենի հողի իրենց կյանքը չխնայած ամեն մի զինվորի համար, հպարտ եմ պապերիս քրտինքով կառուցված ամեն մի եկեղեցու համար։

Հայի գենը այնքան ուժեղ է, որ, այո´, եթե նույնիսկ աշխարհում գեթ մեկ հայ մնա, նա էլի ու էլի կբազմանա, կշենացնի հայ հողը և նորինց կընդարձակի նրա սահմանները: Ինչպես Շիրազն է ասում, իմ հայրենիքը իմ սրտի մեջ է, և այս աշխարհում ոչ ոք, ոչ մի չար ուժ չի կարող իմ սրտից հանել այն:

Հայերնասիրությունը պետք է մեր մեջ արմատանա դեռ մանուկ հասակից: Այն նվիրական զգացում է, արժանապատվություն: Հայրենասիրությունը ազգի գոյության և հողի պաշտպանության անհրաժեշտ պայմանն է: Հայը պետք է ամուր կառչած լինի հայրենի հողից, կարողանա պաշտպանել և փայփայել այն իր մոր պես::

Պետք է արարես, պետք է չարչարվես, արդար քրտինքով հողդ մշակես, ծառ տնկես ու տուն կառուցես, պիտի արժանավայել սերունդ դաստիարակես, որ հողն ամուր լինի ոտքերիդ տակ, որ չխարխլվի: Երկիրդ պետք է փայփայես ու շոյես մոր պես, պետք է երկյուղես ու հարգես հոր պես, պետք է իմանաս պատմությունդ, որ եկել է հազարամյակների խորքից, պետք է մայրենի լեզուդ միշտ վառ պահես, որ պատիվդ էլ բարձր լինի:

Չմտածե´ք, տղանե´ր, չի՛ կորչելու ձեր թափած արյունը, իզուր չեն լինելու ձեր նվիրած կյանքերը: Ձեր ուժն ու հայրենասիրությունը պետք է փոխանցենք մեր ապագա սերունդներին, որպեսզի նրանք հետ բերեն մեր հայրենիքի կորցրած գանձերը, վանքերը, մեր սրբություններն ու մեր պապերի պահած հողը: Մենք դեռ կծնենք մեծ հերոսներ և կպատմենք նրանց ձեր սխրանքների մասին ու կկերտենք այնպիսի սերունդ, որ ձեր անավարտ թողած գործը ավարտին հասցնի:

Հայը հողի ժողովուրդ է և միշտ է եղել այդպիսին: Նա եղբայրացել է հայրենի հողին ու բնության հետ նույնացել:

Հայը ազատասեր է, ուղղամիտ, խիզախ, կարեկից, հյուրասեր: Նա օժտված է սրտի քնքշությամբ ու աշխատելու կարողությամբ:

Հայերը պետք է վերադառնան հայրենիք, որպեսզի այս հողում կառուցեն իրենց տունը և վերագտնեն երբեմնի երջանկությունն ու հագեցնեն հայրենի հողի հանդեպ անափ կարոտը:

Հայենիքն ու հայրենի հողը սիրում են գործով: Այդ հողի մեջ պետք է քրտինքի կաթիլ թափվի և հասնի այդ նրա մեջ դրված ծիլերին, որ դրանք արմատներ դառնան, հողը ամրացնեն և այդ հողի մեջ տարածվի սիրով ու գուրգուրանքով կանգնեցրած այգիդ ու տունդ:

Դժբախտ է այն մարդը, ով հայրենիք չունի: Նույնիսկ եթե նա ապրում է հայրենիքում, բայց չգիտի նրա արժեքը, միևնույն է, էլի դժբախտ է: Հայրենիք ունի այն մարդը, որն իր մեջ կրում է այդ բառի ողջ կշիռն ու ծանրությունը:

Եթե մարդը չզգա հողի ջերմությունը, և իր պապերի, հայրերի ու եղբայրների թափած արյան կանչը, ապա նա անհայրենիք է:

Հայրենասիրությունը փառավոր հատկանիշ է: Հայրենասիրությունը սերն է առ հայրենի հողը, սերն է առ Աստված, սերն է դեպի մեր հայոց գրերը, սերն է դեպի մեր եկեղեցիներն ու մեր հավատը: Հայրենասիրությունը բարու և գեղեցիկի դրսևորումն է դեպի երկիրը, դեպի ծնողն ու զավակը: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր այդպես էլ չհասկացան, թե ինչ է հայրենիքն ու հայրենի հողը, ովքեր չգիտեն` ինչ է նշանակում հող կորցնել և այդ հողի հետ միասին կորցնել նաև մեր պատմական արժեքները: Ցավում եմ այն նրանց համար, որոնք նյութականը գերադասում են հոգևորից:

Այնքա՜ն մեծ ափսոսանք կա սրտումս: Ափսոսում եմ այն մարդկանց համար, ովքեր հայրենի հողի կարոտից խեղդվում են, բայց չեն կարող վերադառնալ, քանի որ այն այժմ օտարին ձեռքի տակ է: Ափսոսում եմ այն մատաղ սերնդի համար, որ օտար հողում պանդուխտ է, օտարի բարքերն են սովորում: Ափսոսում եմ, որ հայրենի հողի վրա բուսած  ծառի պտուղները դարեր շարունակ թափվում են օտարի հողում:

Այսօրվա ականատեսն ենք նաև այն տեսարանի, երբ մարդկանց ստիպում են լքել իրենց արդար քրտինքով ստեղծած սուրբ հողն ու տունը: Անարդար է աշխարհը, երբեմն մահու չափ, երբ տեսնում ես, որ մարդն իր հողը գրկել, երեխայի նման լալիս է ու չի ուզում գնալ: Սիրտդ կտոր-կտոր է լինում, երբ տեսնում ես, որ սահմանին խիզախ կանգնած զինվորը մի քանի օրով տուն է վերադարձել և իր պայուսակից հանում է Կտակարանն ու կորցրած հողից մի փոքր զանգված` ապակե տարայի մեջ, որ խնամքով դնում է տան մի անկյունում ու խնդրում մորը, որ փայփայի այն, քանի որ այլևս մերը չէ:

Միևնույն է, հաղթահարելու ենք անիրավ թշնամուն: Միևնույն է, ապացուցելու ենք ողջ աշխարհին, որ մեր գենն ուժեղ է, որ արյամբ ժառանգություն ստացած ամեն թիզ հողի համար պատրաստ ենք կյանքներս զոհելու: Միևնույնն է, հետ ենք բերելու այն ամենը, ինչ մերն է դարերով: Խոնարհված վանքերի քարերից լսվող մեր նախնիների օրհնությամբ ու աղոթքով վեր ենք հառնելու այս ճահճից:

Հո´ղ իմ հայրենի, չտխրես, հույսդ չկորցնես: Դու դեռ պետք է ցնծաս քո հաղթանակներով: Դու պետք է շնչես, պետք է ջերմանաս, պետք է առյուծ զավակներ դաստիարակես:

Ոչինչ, որ այս պահին մի քիչ տկար է հայրենի հողս, բացվել են վերքերը նրա: Արյուն է հոսում ցավոտ վերքերից, բայց կդիմանա: Այս վիճակից էլ պատվով դուրս կգա ու կապացուցի ամբողջ աշխարհին, որ դեռ չի ծնվել ոչ մի թշնամի, որ կարողանա կոտրել հային, հայի մեջ սպանել հերոսի ոգին ու ոտնատակ տալ հայի սուրբ հողն ու մնալ անպատիժ:

Հավանեցի՞ր. տարածիր