Հոռոմ ամրոց

Հոռոմ ամրոցը շա՜տ հին պատմություն ունի. հիմնադրվել է Ք. ա. 9-րդ դարում` մեզանից գրեթե 3 հազար տարի առաջ: Այն գտնվում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Ամրոցը կոչում են նաև Ուրարտական ցիտադել (ցիտադել նշանակում է միջնաբերդ):

Բերդը, որը գրավում է 4 քառակուսի կիլոմետր տարածք, ունեցել է պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆաքարերով կիկլոպյան շարվածքի հատվածներ: Կիկլոպյան է կոչվում այն կառուցվածքը, որը կազմված է տաշած մեծ քարերից՝ առանց միացնող շաղախի:

Հոռոմ ամրոցի հարավարևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին` սալահատակ հսկայական մի շինություն՝ շուրջը դամբարաններ:
Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են նաև ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով բնակարանների հետքեր:

Ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, բրոնզե ապարանջաններ, ինչպես նաև երկաթե աշխատանքային գործիքներ:

Հավանեցի՞ր. տարածիր