Հուզական այրումը դեռահասության շրջանում

Հուզական այրումը կյանքում պատահող ամենատարբեր դժվարություններից, տևական փորձություններից առաջացող բացասական հոգեվիճակն է, երբ խանգարվում են ինչպես օրգանիզիմի ֆիզիկական համակարգը, այնպես էլ մարդու էմոցիոնալ ընկալումներն ու վարքը։

Մեր օրերում դեռահասների շրջանում հուզական այրումը նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ նրանց առջև չափազանց մեծ պահանջներ են դրվում մեծահասակների կողմից՝ ընտանիքում, դպրոցում, մարզական թիմում, անհատական պարապմունքների ժամանակ և, իհարկե, ծնողների շարունակական վեճերի, անդադար խրատաբանության ու նախատինքների դեպքում: Բախվելով նման խնդիրների՝ պատանին հուսահատվում է, կորցնում հետարքրքրությունը կյանքի նկատմամբ։

Հուզական այրման ախտանշաններից են՝

  • հյուծվածությունը, ուժասպառությունը,
  • ծուլությունը, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի գերակտիվությունը,
  • չհասկացվածության զգացումը,
  • օտարվածության զգացումը և ինքնագնահատականի ակումը,
  • ցասումն ու արհամարհանքը շրջապատի հանդեպ,
  • տագնապայնությունը, դյուրագրգռությունը, զայրույթը մտերիմների նկատմամբ,
  • մեկուսանալու ցանկությունը,
  • քնկոտությունը կամ անքնությունը, ախորժակի անկումը կամ հակառակը:
  • մկանային լարվածությունը, ֆիզիական ցավերը, սրտխառնոցը։

Կան դեռահասներ, որոնք առավել խոցելի են հուզական այրման նկատմամբ։ Խոսքն այն երեխաների մասին է, որոնք բնավորությամբ ծայրահեղ պատասխանատու են, կամ, ավելի ճիշտ, անհարկի պահանջկոտ են իրենց հանդեպ, իդեալիստ են, երազկոտ, մշտապես մաքսիմալին ձգտող։

Հուզական այրման դեպքում պատանուն օգնելու համար կարևոր է հարազատների մտերմիկ շփումը նրա հետ, պատրաստակամության ցուցաբերումը՝ աջակցելու նրան։

Ոչ մի գիտելիք ավելի կարևոր չէ, քան երեխայի առողջ հոգեկան վիճակը, նրա սերը կյանքի ու մարդկանց նկատմամբ։ Ուստի ուժերը վերականգնելու նպատակով պետք է սահմանափակել  պարտականությունները, նվազեցնել ծանրաբեռնվածությունը:

Անհրաժեշտ է կանոնակարգել անելիքներն ըստ առաջնահերթության՝ տարբերակելով կարևորը երկրորդականից և անպայման օրվա մեջ հանգիստյան ժամեր, իսկ շաբաթվա մեջ՝ հանգստյան օր թողնելով։ Պետք է դադար առնել՝ ազատվելով ավելորդ հոգսերից: Եթե անգամ կիսատ գործեր են մնացել, հարկավոր է միառժամանակ մոռանալ դրանց մասին։

Հուզական լարումը հաղթահարելու համար օգտակար են նաև դիետիկ և կանոնավոր սնունդը, ֆիզիկական պարզ վարժությունները, գիշերային առողջ քունը, լողը և այլն։

Հավանեցի՞ր. տարածիր