Ձիրավի ճակատամարտը հայոց պատմության փառապանծ էջերից մեկն է՝ Ավարայրի հերոսամարտի նման։
Պարսից Շապուհ Երկրորդ արքան իր նվաճողական արշավանքը սկսել էր 370 թվականի գարնանը՝ Ատրպատականից Հայաստան ներխուժելով։ Սկզբում հայոց զորքը Մուշեղ սպարապետի գլխավորությամբ դիմադրում և հակահարված է տալիս թշնամուն՝ վերցնելով մեծ քանակի ավար և գերիներ։ Սակայն պարսից զորքը դեռ չի հեռանում հայոց սահմաններից։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 371 թ.՝ Նպատ լեռան ստորոտում՝ Ձիրավի դաշտում (Բագրևանդ)։
Հայոց բանակը (մոտ 90 հազար զինվոր)՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, հաղթանակ է տանում պարսկական 100-հազարանոց բանակի նկատմամբ:
Մարտը սկսվում է վաղ առավոտյան՝ հայերի «անտրամաբանական» գործողությամբ։ Հայոց զորքի առաջևում ծանրազեն հետևակն էր, սակայն հարձակման փոխարեն այն անսպասելիորեն միջանցքներ է բացում, որոնցով հանկարծ թիկունքից առաջ է մղվում թեթևազեն հետևակը, և ինքն է մտնում կռվի մեջ, ինչն անակնկալի է բերում հակառակորդին: Սակայն շուտով թեթևազեն հետևակը նահանջում և կրկին զբաղեցնում իր տեղը ծանրազեն հետևակի հետևում: Այսպիսով խախտվում է հակառակորդ զորքերի ողջ մարտակարգը: Եվ մինչ պարսկական կողմը մտածում է` ինչպես շարունակել ճակատամարտը, հայոց թեթևազեն զորքը վերստին հայտնվում է առջևում և կրկնում հարվածը, իսկ այնուհետև Մուշեղ սպարապետը մարտի մեջ է մտցնում նաև ծանրազեն հետևակն ու հեծելազորը և արդեն բանակի ամբողջական ուժով պարտության մատնում շփոթված հակառակորդին։
Հաղթանակից հետո բարեսիրտ Մուշեղը պարսկական կողմին է վերադարձնում պարսից արքայի գերեվարված կանանոցը՝ ամբողջությամբ անվնաս։ Իսկ Շապուհ Երկրորդը հարկադրված ճանաչում է Մեծ Հայքի անկախությունը։