Ձիրավի ճակատամարտը հայոց պատմության ամենափառավոր և ամենազարմանալի էջերից է: Դա, իհարկե, նախ նրա համար, որ մարտն ավարտվել է հայկական կողմի լիակատար հաղթանակով ու Հայաստանի փրկությամբ: Սակայն ճակատամարտը բացառիկ էր նաև կիրառված ռազմական տակտիկայով, հայոց զորքի զարմանալի հնարամտությամբ ու արիությամբ:
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ.՝ Նպատ լեռան ստորոտում՝ Ձիրավի դաշտում (Բագրևանդ): Հայոց բանակը (մոտ 90 հազար զինվոր)՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ, հաղթանակ է տանում պարսկական 100-հազարանոց զորքի նկատմամբ:
Ճակատամարտը սկսվում է վաղ առավոտյան՝ պարսիկների համար հայերի «անտրամաբանական» գործողությամբ: Հայոց զորքի առաջևում ծանրազեն հետևակն էր, սակայն հարձակման փոխարեն այն անսպասելիորեն միջանցքներ է բացում, որոնցով հանկարծ թիկունքից առաջ է մղվում թեթևազեն հետևակը, և ինքն է մտնում կռվի մեջ: Դա անակնկալի է բերում հակառակորդին, նրան շփոթության մատնում. որտեղի՞ց հայտնվեցին թեթևազեն մարտիկները, ո՞վ է տեսել այդպիսի զինվածությամբ միանգամից դուրս գալ ճակատ: Եվ մինչ պարսկական կողմը կհասցներ ուշքի գալ, կռվող թեթևազեն հետևակը նահանջում և կրկին զբաղեցնում իր տեղը ծանրազեն հետևակի թիկունքում: Այսպիսով խախտվում է պարսից զորքերի ողջ մարտակարգը: Եվ մինչ նրանք մտածում էին` ինչպես շարունակել ճակատամարտը, հայոց թեթևազեն զորքը վերստին հայտնվում է առջևում և կրկնում հարվածը, իսկ այնուհետև Մուշեղ սպարապետը մարտի մեջ է մտցնում նաև ծանրազեն հետևակն ու հեծելազորը և արդեն բանակի ամբողջական ուժով պարտության մատնում խուճապահար հակառակորդին:
Մուշեղ Մամիկոնյանն աստվածավախ զորավար էր: Նա վայելում էր Ներսես Հայրապետի օրհնությունը, մշտապես խնդրում նրա աղոթքները, հետևում խորհուրդներին: Հաղթանակից հետո Մուշեղը պարսկական կողմին է վերադարձնում պարսից արքայի գերեվարված կանանոցը՝ ամբողջությամբ անվնաս: Իսկ Շապուհ Երկրորդը ճանաչում է Մեծ Հայքի անկախությունը: