Ձկներ

Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակում (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է:

Ձկան շարժողության օրգանը պոչն է իր զիգզագաձև տարուբերմամբ: Իսկ կրծքային լողակները սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումն արգելակելուն:

Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում:

Ձկներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ օրգաններով: Ձկներն ընկալում են նաև ջրի ամենաչնչին տատանումները՝ կողագծի օգնությամբ, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների ունեն բեղիկներ, որոնց օգնությամբ հետազոտում են ծովի կամ գետի հատակը: Ձկները կարող են հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով նյութ:

Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները:

Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ:

Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի:

Ամենամեծ ձուկը կետանման շնաձուկն է. Երկարությունը հասնում է մինչև 18 մետրի, զանգվածը՝ ավելի քան 40 տոննայի: Իսկ ամենափոքր ձուկը թզուկ ցլիկաձուկն է. երկարությունը 11 միլիմետր է, զանգվածը՝ 45 գրամ:

Ամենաարագալողն առագաստավոր ձուկն է. զարգացնում է մինչև 109 կմ/ժ արագություն:

Աղբյուրը՝ «Դպրոցական մեծ հանրագիտարան»

Հավանեցի՞ր. տարածիր