Ճանապարհ բառը, բացի իր ուղղակի նշանակությունից, հաճախ գործածվում է նաև գեղեցիկ ու խոսուն փոխաբերական իմաստներով։ Սակայն գանք մի փոքր հեռվից։
Մարդը սոցիալական էակ է, այսինքն՝ միայնակ ապրել չի կարող։ Ծնվելիս արդեն իսկ մարդն այնպիսի պահանջմունքներ ունի, որոնցից զերծ են բոլոր մյուս կենդանի արարածները։ Նորածինը չի կարող ապրել առանց հագուստի, չի կարող միայնակ սնունդ գտնել, խոսել, քայլել և այլն, և այլն։ Եվ ահա ճանապարհը մարդկանց իրար է կապում ոչ միայն ֆիզիկական իմաստով։ Պատահական չէ, որ այս բառը հաճախ նշանակում է նաև ելք, հնարավորություն, լուծում։
Անդրադառնալով բառի առաջնային իմաստին՝ նշենք, որ մարդը սկսել է ճանապարհներ կառուցել անհիշելի ժամանակներից՝ կածանը, արահետը, փողոցը, գետնուղին, մայրուղիները և այլն, և այլն։ Եվ այս բոլորը՝ նախևառաջ հաղորդակցության, շփման համար։
Սակայն ժամանակի ընթացքում ցավոք ճանապարհները ծառայել են նաև այլ նպատակներով՝ փախուստի կամ հարձակման, և ինքնապաշտպանության ու ապահովության համար մարդիկ երբեմն էլ թաքցրել են իրենց բնակավայր բերող ճանապարհները, կառուցել գաղտնի անցուղիներ, անցել անտառների, լեռների ու ձորերի միջով։ Ո՜վ գիտի, այդպիսի որքա՜ն ճանապարհներ են եղել աշխարհում։
Այսպիսով՝ ճանապարհները լինում են և՛ հայտնի ու մեծ, և՛ ծածուկ ու պաշտպանված։
Նորից վերադառնալով ճանապարհ բառի փոխաբերական իմաստին՝ հարկ է նկատել, որ մեր անձնական կյանքին մոտեցնող ճանապարհներն էլ երկու տեսակի են՝ որոշները՝ բոլորի համար՝ առողջ հասարակական հաղորդակցության նպատակով, իսկ որոշները՝ միայն հարազատների, իսկական ընկերների համար։
Մեր ժամանակներում սոցիալական ցանցերն էլ հաճախ ճանապարհ են բացում մեր առջև կամ դեպի մեզ։ Եվ այդ «ճանապարհներից» ճիշտ օգտվելու համար նույնպես որոշակի փորձառություն է անհրաժեշտ։ Երեխաները, օրինակ, պետք է հիշեն, որ իրենց հանրագրերը կարդում․ լուսանկարները դիտում են ամենատարբեր մարդիկ, որոնցից շատերին իրենք չեն ճանաչում, և միշտ պետք է գիտնալ՝ ինչի «հանրայնացումն» է անվտանգ, իսկ ինչինը՝ գուցե ոչ այնքան։