Ես չեմ սիրում որակումներ տալ և հաճախ պատրաստ չեմ դրանց։ Բայց կարող եմ որոշակի տարբերություն մատնանշել պատվի և խղճի միջև։
Պատվի և խղճի միջև մի էական տարբերություն կա։ Խիղճը միշտ բխում է սրտի խորքից, և խղճի զգացողությամբ այս կամ այն չափով ինքնամաքրվում են։ Խիղճը «խայթում» է։ Խիղճը չի կարող կեղծ լինել։ Այն կարող է լինել բթացած կամ ավելորդ սրված (խիստ հազվադեպ)։
Իսկ պատվի վերաբերյալ ընկալումները, հնարավոր է, միանգամայն սխալ լինեն, և այդ սխալ պատկերացումները ահռելի վնաս են հասցնում հասարակությանը։ Ես նկատի ունեմ այն, ինչն անվանում են «համազգեստի պատիվ»։ Մեր օրերում մոռացվել է ազնվականի պատիվը, միչդեռ «համազգեստի պատիվը» շարունակում է ծանր բեռ լինել։
Ահա մարդը մահացել է, բայց մնացել է նրա համազգեստը, որից հանել են շքանշանները, և որից ներս այլևս չի բաբախում խղճով լի սիրտը։
«Համազգեստի պատիվը» ղեկավարներին ստիպում է պնդել իրենց կեղծ կամ արատավոր որոշումներ, համառել շարունակելու ակնհայտորեն անհաջող շինարարությունը, պայքարել պատմական հուշարձանները պաշտպանողների դեմ («Մեր շինարարությունն ավելի կարևոր է»)։ և այլն։ «Համազգեստի պատվից» բխող այսպիսի քայլերի օրինակներ շատ կարելի է նշել։
Իրական պատիվը միշտ ներդաշնակ է խղճին։ Կեղծ պատիվը տեսապատրանք է անապատում, մարդկային (ավելի ճիշտ՝ չինովնիկական) հոգու բարոյական անապատում։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»