Մաթեմատիկա 6-8-րդ դասարանների համար

Միջին դպրոցի այն աշակերտները, որոնք հետաքրքրվում են մաթեմատիկայով և ցանկանում են իմանալ ավելին, քան ներառված է դասագրքում, հաջողությամբ կարող են օգտվել այս Կ․ Առաքելյանի ձեռնարկի նյութերից:

Երեխաների մտավոր կարողություններն ու նախասիրու­թյուն­ները, ներառյալ մաթեմատիկական մտածողության տարրերը, հիմնականում ձևավորվում են միջին դպրոցում: Այդ շրջանում անգամ այն աշակերտները, որոնք իրենց առաջադիմությամբ աչքի չեն ընկել, նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող են անսպասելի մտավոր ունակություններ ցուցա­բերել:

Մաթեմատիկական խնդիրներն ունեն և՛ իմացական, և՛ կիրառական, և՛ անգամ դաստիարակչական նշանակություն: Նրանք զարգացնում են տրամաբանական մտա­ծո­ղու­թյունը, մշակում գիտելիքները կիրառելու գործնական հմտու­թյուն­ներ, ձևավորում աշխարհայացք: Խնդիրների լուծումը նրանց մղում է ստեղծագործական աշխատանքի: Սահմանափակվելով միայն դա­սա­գրքում ընդգրկված խնդիրներով՝ սովորողները, հնարավոր է, ստանան միայն սերտողական բնույթի գիտելիքներ:

Այս ձեռնարկում ընդգրկված են ինչպես պարզ և միջին բար­դու­թյան, այնպես էլ դժվարին և ոչ ստանդարտ առաջա­դրան­ք­ներ: Առաջին խմբի վարժություններն իրենց բովանդա­կությամբ շատ մոտ են դասագրքային խնդիրներին: Դրանցով կարող են նպաս­տավոր պայ­մաններ ստեղծվել՝ կրկնելու և վերհիշելու մաթե­մա­տիկայի դպրո­­ցական դասընթացից ստացած գիտելիքները, ինչի շնորհիվ էլ աշակերտը ձեռք կբերի ինքնավստահություն սեփական ուժերի նկատ­մամբ, պատ­րաստ կլինի անցնելու ավելի բարդ և ոչ ստանդարտ խնդիրներ լուծելուն:

Գրքում ներառված մյուս առաջադրանքների լուծման համար կպա­հանջվեն բոլորովին այլ՝ ոչ ստանդարտ մոտեցումներ: Դրանք այս­պես կոչված ոչ սովորական, բարդ և տրամաբանական խնդիր­ներն են: Այսպիսի խնդիրները զարգացնում են երեխայի տրա­մա­բա­նու­թյունը, մար­զում միտքը, առաջացնում դրական հույզեր, հաղթանակի զգացողություն:

Ձեռնարկը լայն հնարավորություն կարող է ընձեռել մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրասիրություն ցուցաբերող երեխաների համար՝ ավելի խորու­թյամբ ուսումնասիրելու իրենց սիրելի առարկան: Այն կօգնի 6-8-րդ դասարանների աշակերտներին՝այն սո­վո­րողներին պատրաստվելու մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դա­սարանների ընդունելության քննություններին, ինչպես նաև մաթեմա­տիկական օլիմպիադաներին:

Գրքում զետեղված նյութերը կարող են օգտակար լինել նաև մաթե­մատիկայի ուսուցիչներին՝ օժտված աշակերտների հանդեպ ուսուցման անհատական մոտե­ցում ցուցաբերելու և արտադասարանական պարապմունքներ անցկացնելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր