Այսօր Երևանում, Էջմիածնում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում (Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Բեյրութ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլն) պահվում է շուրջ 31 հազար հայերեն ձեռագրեր: Սակայն հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին Էջմիածնում՝ Մայր Աթոռի մատենադարանի հիմքի վրա: Սկզբում կառույցը կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ՝ լինելով առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։
1920-30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված նմուշներով։ Ձեռագրեր են ստացվել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից, ինչպես նաև տարբեր անհատներից:
1939 թ․ խորհրդային իշխանությունները Մատենադարանն Էջմիածնից տեղափոխում են Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվում է Մատենադարանի շենքի կառուցումը, որն ավարտվում է 1957 թ․: Այդ շենքը արտաքուստ ունի նոր ժամանակների հայկական ճարտարապետությանը բնորոշ գծեր, իսկ ներսում հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևեր և լուծումներ են: 1962 թվականից Մատենադարանը կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով:
Այստեղ պահվում է ավելի քան 17 հազար ձեռագիր, որից 11 հազար 180-ը՝ հայերեն ամբողջական մատյաններ են, մնացածյալը՝ պատառիկներ, օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր: Արխիվային ֆոնդում պահպանվում է 100 հազարից ավելի վավերագիր:
Մատենադարանն ունի մատենագիտության ու բնագրագիտության, հին մատենագրության և մանրանկարչության ուսումնասիրման, ձեռագիր մատյանների ու դիվանական փաստաթղթերի պահպանության, վերականգնման, պատճենահանման, թվայնացման բաժիններ, ինչպես նաև հայագիտական հարուստ գրադարան և պարբերական մամուլի պահոց:
Մատենադարանը, անշուշտ, մեծ ու կարևոր թանգարան է, իսկ որպես գիտական ինստիտուտ՝ իրականացնում է հետևյալ գործառույթները․
- հին ձեռագրերի պահպանում ու վերականգնում,
- պատճենահանում ու թվայնացում,
- նոր ձեռագիր հուշարձանների հավաքումը,
- հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմում,
- միջնադարյան տարաբնույթ բնագրերի, ինչպես նաև հայկական մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրություն ու հրապարակում,
- միջնադարյան հայկական աղբյուրների՝ օտար լեզուներով թարգմանում ու հրատարակում,
- գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի տարածում և այլն: