Մարդը պետք է ինտելիգենտ լինի։
Իսկ եթե նրա մասնագիտությունը դա չի՞ պահանջում։ Իսկ եթե նա չի՞ կարողացել կրթություն ստանալ (այդպես են դասավորվել հանգամանքները)։ Իսկ եթե շրջապա՞տը թույլ չի տալիս։ Կամ եթե ինտելիգենտ լինելը նրան սպիտակ ագռա՞վ դարձնի իր գործընկերների, ընկերների, հարազատների շրջանում, պարզապես խանգարի՞ նրան մտերմանալու ուրիշների հետ։
Ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Ինտելիգենտ լինել պետք է բոլոր հանգամանքներում։ Դա հարկավոր է և՛ շրջապատին, և՛ հենց տվյալ մարդուն։
Դա շատ, շա՛տ կարևոր է, նախևառաջ երջանիկ ու երկար ապրելու համար։ Այո՛, երկար։
Որովհետև ինտելիգենտ լինելը համազոր է հոգևոր առողջությանը, իսկ առողջությունն անհրաժեշտ է երկար ապրելու համար ոչ միայն ֆիզիկապես, այլև մտավոր առումով։
Մի հին գրքում (հեղինակը նկատի ունի Աստվածաշունչը – խմբ․) ասվում է․ «Պատվի՛ր քո հորն ու մորը, և երկար կապրես երկրի վրա»։ Սա վերաբերում է և՛ ամբողջ ժողովրդին, և՛ առանձին մարդուն։ Իմաստուն խոսք է։
Բայց նախ հասկանանք՝ ինչ ասել է լինել ինտելիգենտ, և հետո միայն՝ ինչու է այն կապված երկարակեցության պատվիրանի հետ։
Շատերը կարծում են՝ ինետլիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, լավ կրթություն է ստացել (և նույնիսկ՝ առավելաբար հումանիտար), շատ է ճամփորդել, տիրապետում է մի քանի լեզվի։
Բայց արի ու տես, որ կարելի է ունենալ այս բոլորը և լինել, անկիրթ, ոչ ինտելիգենտ։ Եվ կարելի է ոչ մի նման բնութագիր չունենալ, սակայն այդուհանդերձ ներքուստ ինտելիգենտ մարդ լինել։
Ուսումը պետք չէ նույնացնել ինտելիգենտության հետ։ Ուսման հիմքում հին բովանդակությունն է, ինտելիգենտության հիմքում՝ նորի արարումն ու հնի նորովի գիտակցումը։
Ավելին՝ զրկեք իսկապես ինտելիգենտ մարդուն նրա բոլոր գիտելիքներից, զրկենք մինչև իսկ հիշողությունից․ թող նա մոռանա ամեն-ամեն բան, ծանոթ չլինի դասական երաժշտությանը, արվեստի հանճարեղ գործերին, կարևորագույն պատմական իրադարձություններին, սակայն այդքանով հանդերձ՝ եթե նա պահպանի սերը, ձգտումը ինտելեկտուալ արժեքների և իմացության նկատմամբ, հետաքրքրությունը պատմության հանդեպ, ունենա էսթետիկայի զգացողություն, կարողանա տարբերակալ արվեստի իրական գործը կոպիտ «կցմցումից»՝ ստեղծված միայն զարմացնելու համար, եթե ընդունակ լինի հիանալու բնության գեղեցկությամբ, հասկանալու այլ մարդու բնավորությունն ու անհատականությունը, ապրումակցի նրան, իսկ ապրումակցելով՝ օգնի, չդրսևորի աննրբանկատություն, անտարբերություն, չարախնդություն, նախանձ, այլ գնահատի դիմացինի արժանիքները, եթե նա հարգանք ցուցաբերի անցյալի ժառանգության, դաստիարակված մարդու կարողությունների հանդեպ, ունենա բարոյական խնդիրները հարթելու պատասխանատվություն, հարուստ և ճշգրիտ խոսք՝ գրավոր թե բանավոր, ահա հենց ինքն էլ կլինի ինտելիգենտ մարդը։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»