Ինտելիգենտությունը պայմանավորված է ոչ միայն գիտելիքներով, այլև ուրիշներին հասկանալու կարողությամբ։ Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքում՝ կարողանալ հարգալից բանավիճել, չափավորություն դրսևորել ճաշի սեղանի շուրջը, ընդունակ լինել աննկատ (հենց աննկատ) օգնելու ուրիշին, փայփայել բնությունը, չաղտոտել, չաղտոտել շրջապատը կռվարարությամբ, հիմար մտքերով (դրանք էլ են աղտ և այն էլ ինչպիսի՜)։
Ռուսաստանի հյուսիսում ես գեղջուկների էի ճանաչում, որոնք իսկական ինտելիգենտներ էին։ Նրանք ապշեցնող մաքրություն էին պահպանում իրենց տներում, կարողանում էին գնահատել լավ երգերը, զրույցներ պատմել (այսինքն՝ հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի էին ունեցել իրենց կամ ուրիշների հետ), ապրում էին կարգապահ կենցաղով, հյուրասեր էին ու սրտաբաց, ըմբռնում էին ուրիշի և՛ ցավը, և՛ ուրախությունը։
Ինետլիգենտությունը համբերատար վերաբերմունքն է աշխարհի և մարդկանց նկատմամբ։
Ինետլիգենտությունը պետք է զարգացնես, «մարզես» քո մեջ, մարզես հոգևոր ուժերդ այնպես, ինչպես ֆիզիկականը։ Իսկ մարզումը կարելի և անհրաժեշտ է ցանկացած հանգամանքում։ Այն, որ ֆիզիկական մարզումը նպաստում է երկարակեցությանը, հասկանալի է։ Շատ ավելի քիչ են հասկանում, որ երկարակեցության համար պետք է մարզել նաև հոգեկան և հոգևոր ուժերը։
Բանն այն է, որ մոլեգին և չար արձագանքը շրջապատում կատարվողի նկատմամբ, կոպտությունը և ուրիշներին չհասկանալը հոգևոր և հոգեկան տկարության նշան են։ Հրմշտում է ուղևորներով լի ավտոբուսո՞ւմ․ թույլ ու նյարդային մարդ է՝ ուժասպառ, ամեն ինչին սխալ արձագանքող։ Վիճում է հարևանների հե՞տ․ դարձյալ մեկն է, ով չի կարողանում ապրել՝ հոգեպես խուլ է։ Էսթետիկայի զգացողություն չունի՞․ էլի դժբախտ մարդ է։ Չի կարողանում հասկանալ դիմացինի՞ն, նրան միայն վատ մտադրություննե՞ր է վերագրում, շարունակ վիրավորվում է բոլորի՞ց․ նույնպես մեկն է, ով աղքատացնում է սեփական կյանքը և խանգարում ապրել մյուսներին։ Հոգևոր տկարությունը հանգեցնում է ֆիզիկական տկարության։ Ես բժիշկ չեմ, բայց դրանում համոզված եմ։ Երկար տարիների փորձն է ինձ դա ապացուցել։
Սրտաբացությունն ու բարությունը մարդուն դարձնում են ոչ միայն ֆիզիկապես առողջ, այլև գեղեցիկ։ Այո՛, հենց գեղեցիկ։
Մարդու դեմքը, որ չարություն է արտահայտում, տգեղ է, իսկ շարժումները զուրկ են հմայքից (ոչ թե արհեստական, այլ բնական հմայքից, որ շատ ավելի թանկ է)։
Մարդու սոցիալական պարտքն է լինել ինտելիգենտ։ Դա պարտք է նաև ինքդ քո հանդեպ։ Դա քո անձնական երջանկության գրավականն է, ինչպես նաև՝ քո շուրջ և քո նկատմամբ կամեցողության «աուրայի» ստեղծման։
Այն ամենը, ինչի մասին այս գրքում զրուցում եմ երիտասարդ ընթերցողների հետ, ինտելիգենտ լինելու կոչ է, ֆիզիկապես և բարոյապես առողջ լինելու կոչ, առողջության գեղեցկության կոչ։
Երկարակյաց լինենք ինչպես իբրև անհատներ, այնպես էլ որպես ժողովուրդ։
Իսկ հորն ու մորը պատվելն անհրաժեշտ է հասկանալ լայն իմաստով՝ պատվել այն ողջ լավը, որ եղել է մեր անցյալում, անցյալը, որ ծնողն է մեր ներկայի, անցյալը, որից սերելը մեծ երջանկություն է։