Մարկ Լևի, «Իսկ եթե դա ճիշտ էր…» / Քաղվածքներ վեպից

☁ Նա շատ անկեղծորեն բացատրեց, որ ուրվական լինելը զվարճություն չէ. դա ավելի շուտ սրտաճմլիկ բան է: Ամեն ինչ հասկանալի է, բայց անկարելի: Զգում է սիրելի մարդկանց կարիքը, որոնց հետ այլևս չի կարող շփվել: «Ես այլևս գոյություն չունեմ: Ես կարող եմ նրանց տեսնել, բայց դա ավելի շատ ցավ է պատճառում, քան ուրախություն: Հավանաբար հավիտենական միայնությունն է դժոխքը»:

☁ – Դու չպետք է քեզ կապես ինձ հետ․ ես ոչինչ չեմ կարող քեզ նվիրել, բաժին հանել, ոչինչ չեմ կարող տալ, ես նույնիսկ քեզ համար սուրճ պատրաստել չեմ կարող, Ա՛րթուր:

– Գրողը տանի, եթե ինձ համար սուրճ պատրաստել չես կարող, ուրեմն ապագայի ոչ մի հնարավորություն չկա՞: Ես ինձ չեմ կապում քեզ հետ, Լո՛րեն, ոչ քեզ հետ, ոչ էլ, ի միջի այլոց, ուրիշ որևէ մեկի: Ես չեմ ցանկացել քեզ տեսնել իմ պահարանում, բայց դու այնտեղ էիր, կյանք է, պատահել է: Քեզ ոչ ոք չի լսում, քեզ չի տեսնում, քեզ հետ չի հաղորդակցվում, Լո՛րեն:

☁ Հասկանալ, որ դա երջանկություն է՝ ընկած ոտքերիդ տակ, արիություն և վճռականություն ունենալ կռանալու և վերցնելու… պահպանել այն. դա սրտի թելադրանք է: Եթե սրտի թելադրանքը չկա, մնում է միայն դատողությունը, որը մեծ բան չէ:

☁ Մորս մահվան օրը հանկարծ քաղաքը դադարեց աղմկել, և կարծես մեկ րոպեում բոլոր աստղերը փշրվեցին ու հանգան: Նրա մահվան օրը այգու մեղուները դուրս չեկան փեթակից, ոչ մի մեղու նեկտար չհավաքեց վարդանոցից, կարծես նրանք գիտեին եղելությունը:

☁ Կցանկանայի գոնե 5 րոպե փոքրիկ տղա լինել՝ ուրիշներից թաքնվելով մորս գրկում, օրորվել նրա ձայնի տակ:

☁ Կյանքում ամեն բան վերապրել չես կարող. կարևորը գլխավորի ապրումն է, իսկ մեզնից յուրաքանչյուրն ունի իր «գլխավորը»:

☁ Գիտե՞ս, թե մենք ինչու ենք այդքան համերաշխ՝ ես ու դու: Որովհետև ես քեզ չեմ ստում, քեզ հետ խոսում եմ ինչպես չափահասի հետ և որովհետև չեմ վախենում: Քեզ վստահում եմ, մեծերը վախենում են, որովհետև չեն կարող երեխաներին մասնակից դարձնել շատ բաների:

☁ Մենք երբեմն անզոր ենք լինում մեր ցանկությունների կամ մղումների հանդեպ, և դա հաճախ անտանելի տառապանք է պատճառում: Այդ զգացմունքը քեզ կուղեկցի ողջ կյանքում, երբեմն կմոռանաս դա, երբեմն կդառնա մտասևեռում: Ապրելու արվեստի մի մասը կախված է սեփական անզորության դեմ պայքարելու մեր ընդունակությունից: Դա դժվար է, որովհետև անզորությունը հաճախ վախ է ծնում: Այն ոչնչացնում է մեր արձագանքները, մեր բանականությունը՝ մեր լավ հատկանիշները՝ դուռ բացելով թուլության առջև: Դու պետք է լավ ճանաչես քո վախերը: Պայքարիր նրանց դեմ, բայց դրանք չփոխարինես չափազանց երկար վարանումներով: Մտածիր, որոշիր և գործիր: Կասկածանք մի պահիր. ընտրություն կատարելու անընդունակությունը որոշակի ցավ է պատճառում ապրելիս: Ցանկացած հարց կարող է դառնալ խաղ, յուրաքանչյուր որոշում կարող է սովորեցնել քեզ ճանաչել սեփական անձդ, հասկանալ այն:

☁ Բայց ամենագեղեցիկ բանը, որը երկրի վրա տրված է մեզ, որը մեզ բանական էակներ է դարձնում, բաշխված երջանկությունն է: Նա, ով չգիտի երջանկությունը բաշխել, անզգա հաշմանդամ է: Այս վաղ առավոտը, որը անցկացնում ենք միասին, Արթուր, դրոշմվելու է քո հիշողության մեջ: Ավելի ուշ, երբ ես այլևս այստեղ չեմ լինի, դու այս մասին կմտածես, և այդ հիշողությունը որոշակիորեն քաղցր կլինի, որովհետև մենք ապրել ենք այս պահը:

☁ Ազնվազարմ տիկնայք գիտեն արժանապատվորեն հեռանալ՝ չանհանգստացնելով նրանց, ում սիրում են:

☁ Սիրելիս, քո կյանքը քո առջև է, ոչ քո հիշողություններում. հենց սա է սովորեցրել նա: Հարգիր սա, երբեք մի մոռացիր, թե դեռ երեկ քեզ ինչ էր ասում մայրիկը. «Բոլոր երազանքները գին ունեն»:

☁ «Նա գեղեցիկ է, չէ՞: Կարծում էի, թե մահն ինձ կվախեցնի, բայց տեսնում եմ, որ մահացած էլ նա գեղեցիկ է»:

☁ Քո քաջությունը քո ուժն է տղաս, բայց նաև քո թուլությունը: Զգույշ եղիր դրանից. զգացմունքները արտահայտելու համար են, ուժն ու քաջությունը երկու ցուպ են, որոնք կարող են շրջվել նրա դեմ, ով իրենց վատ է օգտագործում: Տղամարդիկ նույնպես արտասվելու իրավունք ունեն, նրանք նույնպես զգում են վիշտը:

☁ Սերը սքանչելի համ ունի, հիշի՛ր՝ տալիս են ստանալու համար, հիշի՛ր՝ պետք է ինքնուրույն լինես, որ կարողանաս սիրել:

☁ «Երբ մայր է մահանում, կարծես գրադարան է այրվում», -ասում էր մայրը:

☁ Ոչ, դու աշխարհ ունես, մենք բոլորս ունենք մեր տիեզերքը: Որպեսզի երկու էակ ապրեն մեկը մյուսով, բավական չէ, որ նրանք միմյանց սիրեն. հարկավոր է, որ լինեն համատեղելի, միմյանց հանդիպեն պատեհ ժամանակ:

☁ – Այս երեկո դու շատ տխուր ես, Արթուր, բայց պետք չէ տխրել: Մենք հիմա իրարից չենք բաժանվում: Դու ես միշտ ասում, որ պետք չէ մտածել վաղվա մասին. վայելենք այս պահը, որ մերն է:

– Բայց այժմ դա չի հաջողվում. ես այլևս չեմ կարող ներկա պահն ապրել՝ չմտածելով գալիքի մասին: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս ես դու կարողանում:

– Ես մտածում եմ ներկա րոպեների մասին, իսկ դրանք հավերժ են:

– Քեզ հետ ապրած իմ ամեն վայրկյանն ավելի կարևոր է բոլոր մյուսներից: Միասին անցկացրած այդ ժամերը կարծես երկարատև ծույլ արձակուրդ լինեին, երբ մարդն իրեն ոչինչ չի մերժում: Ապրել ներկայի յուրաքանչյուր պահը՝ գեթ մեկ անգամ չծրագրելով վաղվա օրը, չմտածելով ոչինչ, միայն այն, ինչ անցնում է: Սա անվանեցին «Վայրկյանների տեսություն»:

☁ – Պահն է սեր իմ, ինձ տանում են, ես անհետանում եմ: Աստված վկա, որքան չեմ ցանկանում լքել քեզ, երազում էի, որ կյանքը, որն ապրեցի քեզ հետ, երբեք չավարտվեր…

– Դու չպետք է հեռանաս, դիմադրիր նրանց, աղաչում եմ:

– Ոչինչ մի ասա, ինձ լսիր, զգում եմ, որ ժամանակս քիչ է: Դու ինձ տվեցիր, այն ինչ մտքովս չէր անցնում, մինչև քեզնով ապրելը՝ չէի պատկերացնում, որ սերը կարող է այդքան պարզ բաներ տալ: Այն ինչ ապրել եմ քեզնից առաջ, չարժե նույնիսկ այն մեկ վայրկյանին, որ միասին ենք անցկացրել: Ուզում եմ,որ ընդմիշտ հիշես, թե որքան ուժգին եմ քեզ սիրել, չգիտեմ, թե որ ափերն եմ մեկնում, բայց եթե գոյություն ունի այլ աշխարհ, ես կշարունակեմ քեզ սիրել նույն ուժգնությամբ ու հրճվանքով, որով լցրել էիր կյանքս:

Հավանեցի՞ր. տարածիր