• Սիրուն ժամանակ պետք է տանք, այն պետք է անցնի խաչելության ու հարության ճանապարհով:
• Մեր ժամանակները սիրո ժամանակներ չեն: Սերը զրույց է, իսկ այսօր բարերում այնքան բարձր է հնչում էլեկտրոնային երաժշտությունը, հնչում է, որ թաքցնի հաճախորդների շփոթահար լռությունը, արդարացնի նրանց մերժումը իրար առաջ սիրտը բացելու: Ավելի քիչ վտանգավոր է հայացքներ «փոխանակելը», քան հոգիներ:
• Բոլորը մի կողմ են քաշվում ու ճանապարհ տալիս նրան, ով լավ գիտի, թե ուր է գնում:
• Դավաճանություն… և այդ ժամանակ հեռանում ենք, ոչ թե որովհետև այդպես ենք որոշել, այլ որովհետև մեր սիրտն ինքն է բնականորեն հեռացել այնտեղից, որտեղ զգացել է դավաճանության սառնամանիքը: Այդ ժամանակ հեռանում ենք բնության օրենքով, ինչպես չվող թռչուննները՝ ձմռանը: Նախ «հեռանում» է սիրտը, հետո մենք ենք սկսում մեզ տհաճ ու դժվարին կացության մեջ զգալ, և ի վերջո մեր ոտքերն են հեռանում (ուզենք թե չէ): Երբեմն հեռանալը սիրո դրսևորում է:
• Ազնվությունն ու արդարությունը հոգու հիմնական պահանջներն են:
• Սերը առողջ անհատների միջև միայն փոխադարձ է լինում, չպահանջենք, որ նվիրաբերություններն էլ փոխհատուցվող լինեն: Փոխհատուցման պահանջից վեր կանգնելը մեծ ազատություն է, և ինչպես ասացինք, ազատներն ու ուժեղներն են, որ արժանանում են ամուր հարաբերությունների, մեծ զգացմունքների:
• Սիրո և ցանկության տրամաբանությունը բացատրելը հեշտ չէ, որովհետև կապված է ենթագիտակցականի հետ: Ոչ մի այլ դեպքում մարդն այդքան խորապես չի լիցքաթափվում, որքան ամուսնական վեճերի կամ համբույրների ժամանակ: Ճնշված ենթագիտակցականը ստորգետնյա գետի ջրերի նման բարձրանում, դուրս է հորդում և հանդարտվում: Ոչ մի այլ տեղ չէր կարող այդպես ողբալ, պայթել կամ վայելք ապրել: Այստեղ միասին են սերն ու ատելությունը, կյանքի ու մահվան բնազդները, մանկության վիրավորանքների հրաշքների վերապրումները, մարդու դիվային կրքերն ու հրեշտակային հույզերը:
• Քանի՜-քանիսն են անցնում մեր առջևով այն պահից սկսած, երբ աչք ենք բացում այս աշխարհում: Ինչո՞ւ ենք հենց այդ մեկին ընտրում, հետևում նրան, ինչպես մկները՝ կախարդական սրինգ նվագողին: Պետք է որ ինչ-որ սերմ լինի՝ արդեն ցանված մեր էության հողի մեջ, հուզի ու ոգեշնչի մեզ և հետևաբար՝ պտուղ տա մեր իսկ խորքերից: Պետք է որ մեր միջև նախապես մի հարազատություն եղած լինի, որի մասին չենք էլ իմացել, և ահա արթնացել ու վեր է բարձրացել առանց բացատրությունների (համենայն դեպս՝ դեռ):
• Այն, ինչն իսկապես դիպել է մեր հոգուն և հուզել մեզ երբևիցե, հուզում է մշտապես:
• Կա՞ արդյոք ավելի մեծ երջանկություն, քան երեխաներին քեզնից ավելի լավը դարձնելը:
• Ազատագրումը միայն մաքրությամբ է լինում: Արվեստի նպատակը ոչ թե աղմկոտ զվարճանքն է, այլ մաքրագործումը: Ճանաչողությունը, ինքնաճանաչողությունը, աստվածճանաչողությունը զորացնում ու թևեր են տալիս սրտին: Մարդու սրտի տակ ճախրող թռչուն կա:
• «Երբ դու ես սիրում, ոչինչ է: Երբ քեզ են սիրում, դեռ քիչ է: Երբ դու ես սիրում, և քեզ են սիրում, ամեն ինչ է»: Որքան մեծանում եմ և որքան շատ բան եմ հավաքում կյանքի պատկերներից ու ձայներից, այն եզրահանգմանն եմ գալիս, որ այդ խոսքը սխալ է: Ընդհակառակը: Միայն նա, ով կարողանում է սիրել, լավ է զգում իրեն և ունի ամեն բան: Չեմ ասում, որ նա կարիք չունի փոխադարձ սիրո, սակայն ով սիրում է, նույնիսկ այն ամենաքչից, որ իրեն է վերադառնում, ուրախանում է: Մինչդեռ նա, ով չի կարողանում սիրել, դանաիդների տակառի է նմանվում: Որքան էլ սեր մատուցեն նրան, լալիս է և ներսից կրծում ինքն իրեն: Ոչինչ չի լցնում նրա հոգին:
Ծաղկաքաղը՝ Հասմիկ Ադամյանի