Ֆիզիկական աշխարհում մեծը չես տեղավորի փոքրի մեջ։ Հոգևոր արժեքների ոլորտում, սակայն, այդպես չէ․ փոքրի մեջ կարող է տեղավորվել շատ ավելի մեծը, իսկ եթե մեծի մեջ փորձենք փոքրը տեղավորել, ապա այն պարզպաես կդադարի գոյություն ունենալուց։
Եթե մարդը մի մեծ նպատակ ունի, ուրեմն այն պիտի դրսևորվի ամեն ինչում, անգամ ամենաչնչինը թվացող արարքում։ Պետք է ազնիվ լինել աննկատ մնացող և պատահական դրվագներում․ միայն այդ ժամանակ կարող ես ազնիվ լինել նաև քո մեծ պարտականությունը կատարելիս։ Մեծ նպատակը պարուրում է մարդուն ամբողջությամբ, արտահայտվում նրա յուրաքանչյուր քայլում, և չի կարելի կարծել, թե նսեմ միջոցներով հնարավոր է հասնել բարի նպատակների։
«Նպատակն արդարացնում է միջոցները» ասացվածքը կործանարար է և ոչ բարոյական։ Դա շատ լավ ցույց է տվել Դոստոևսկին «Ոճիր և պատիժ» վեպում։ Այս ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Ռադիոն Ռասկոլնիկովը, կարծում էր, թե սպանելով գարշելի պառավին՝ ինքը դրամ ձեռք կբերի, որի օգնությամբ հետագայում կհասնի մեծ նպատակների, բարիքներ կգործի մարդկության համար։ Սակայն փոխարենը նա հոգևոր անկում է ապրում․ նպատակը հեռուն է գնում և անշոշափելի է, իսկ կատարված հանցագործությունը՝ միանգամայն իրական ու սարսափելի, և ոչնչով չի կարող արդարացվել։
Հասնել մեծ նպատակների վատ միջոցներով անհնար է։ Պետք է հավասարապես ազնիվ լինել ինչպես մեծ գործում, այնպես էլ փոքրում։
Դ․ Լիխաչով, «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»