Մեղրու բերդ

Մեղրու բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ անառիկ լեռնագագաթներ վրա: Ամրոցը պայտաձև պարսպել է քաղաքը՝ ապահովելով հուսալի պաշտպանություն հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին հիշատակումը կարդում ենք 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ. երկից տեղեկանում ենք, որ 1083 թ. բերդն արդեն կառուցված էր: Իսկ 18-րդ դարում այն հիմնովին վերակառուցվել է:

Մեղրու բերդը եզակի է նրանով, որ չունի պարսպապատեր, քանի որ դրանց փոխարինում են լեռնաշղթաները:

Ամրոցն ունի վեց աշտարակ, երկուսը՝ ուղղանկյուն, իսկ չորսը՝ կլոր: Կլոր հատակագծով աշտարակներից երեքի արտաքին տրամագիծը 5.5 մետր է, պատերի հաստությունը՝ 1 մետր: Ուղղանկյուն հատակագծով երկու աշտարակների երկարությունները գրեթե նույն են՝ 10 մետրից քիչ ավելի, իսկ լայնությունները տարբեր են. մեկինը՝ 2.7 մետր, մյուսինը՝ գրեթե 4 մետր: Պատերի հաստությունը դարձյալ 1 մետր է: Ե՛վ կլոր, և´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են՝ կառուցված անմշակ գրանիտե քարերից: Ի դեպ, պատերի մեջ տեղադրվել են կաղնու փայտե հեծաններ, որպեսզի երկրաշարժի ժամանակ շինությունը կանգուն մնա: Նույն նպատալով աշտարակների պատերը դրսի կողմից դեպի վերև նեղանում են, իսկ ներսից ուղղաձիգ են: Պաշտպանական եզակի առանձնահատկությունների, ինչպես նաև պարսպի բազմաթիվ հրակնատներից կրակ բացելու հնարավորության շնորհիվ՝ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:

Հավանեցի՞ր. տարածիր