Սա մարդկության ստեղծած ամենաթանկարժեք տեխնիկան է (150 միլիարդ ԱՄՆ դոլար), որը շարունակ կատարելագործվո՜ւմ է, փոփոխվո՜ւմ, բայց արդեն տասնյակ տարիներ պտտվում է երկնակամարում՝ մեզանից 350 կիլոմետր բարձրության վրա` մոտավորապես 8 կիլոմետր վայրկյանում արագությամբ։
Կայանի առաջին բաղադրիչը Տիեզերք է ուղարկվել 1998 թ․։ Այսօր այն արդեն հսկա «մեքենա» է՝ բազմաթիվ մոդուլներով։
Յուրաքանչյուր տարի հատուկ տիեզերանավով կայան է տեղափոխվում մի քանի տիեզերագնաց աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և այլն։ Ուղեծրում նրանք երկար ամիսներ զանազան գիտական հետազոտություններ ու փորձեր են իրականացնում՝ փոխարինելով նույնքան երկար ժամանակ կայանում աշխատած իրենց գործընկերներին։
Միջազգային տիեզերական կայանի կառավարումն իրականացվում է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ճապոնիայից։ Ինչպես բուն կայանում, այնպես էլ կառավարող կենտրոնների միջև տեղի է ունենում սերտ համագործակցություն, ինֆորմացիայի ամենօրյա փոխանակում։ Սա, կարելի է ասել, միակ բնագավառն է, որտեղ տիրում է համերաշխ փոխգործակցության մթնոլորտը, և քաղաքական տարաձայնությունները չեն կարող ազդել գիտնականների գործընկերության վրա, այլապես կվտանգվեն բոլորը։
Մի քանի ուշագրավ փաստ կայանի մասին։
- Միջազգային տիեզերական կայանը յուրաքանչյուր 90 րոպեում Երկրի շուրջը մեկ ամբողջական պտույտ է կատարում։ Արդյունքում տիեզերագնացները մեկ օրում մայրամուտն ու արևածագը «դիմավորում» են 16 անգամ։ Սակայն նրանց քնի և աշխատանքի ռեժիմն այնպիսին է, ինչպիսին մայր հողի վրա։ Գիշեր «ստանալու» համար տիեզերագնացները ծածկում են իրենց խցիկների լուսանցույցները, և քանի որ գտնվում են անկշռության պայմաններում, պարզապես ուղղահայաց դիրքով մտնում են պատին ամրացված իրենց քնապարկերն ու ննջում։
- Կայանում չկա լվացքի մեքենա (անկշռության պայմաններում դրա գործածությունն անհնար է), և տիեզերագնացներին սննդի հետ ժամանակ առ ժամանակ նոր հագուստ են ուղարկում Երկրից, իսկ հին հագուստը և մյուս անպետք իրերը նրանք լցնում են «օգնության եկած» անօդաչու փոքրիկ տիեզերանավի մեջ, և երբ այն կրկին անջատվում է կայանից, գահավիժելով դեպի Երկիր՝ ամբողջությամբ այրվում է մթնոլորտի վերին շերտերում։
- Մարդիկ, երկար ժամանակ մնալով կայանում, անկշռության հետևանքով կորցնում են մկանների և ոսկորների որոշակի զանգված։ Ոսկորները կարող են դառնալ փխրուն, իսկ մկանները՝ թույլ։ Ուստի յուրաքանչյուր տիեզերագնաց պարտավոր է ամեն օր մի քանի ժամ սպորտով զբաղվել հատուկ մարզասարքերի օգնությամբ։ Իսկ Երկիր վերադառնալուց հետո նա մի քանի ամիս վերականգնողական բուժում է անցնում։
- Բոլոր տիեզերագնացներն անձնական զենք ունեն։ Դա անհրաժեշտ է, որպեսզի եթե Երկիր վերադառնալիս ինչ-որ բան այնպես չընթանա, և նրանք հայտնվեն, ասենք, անտառում կամ անմարդաբնակ մի այլ վայրում, կարողանան պաշտպանվել վայրի կենդաննիներից, մինչև օգնությունը կհասնի։